Ռեժիսոր Կարո Բալյանի «Չափն ընդդեմ չափի» ներկայացումը Բիտոլայի միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել - RadioVan.fm

Онлайн

Ռեժիսոր Կարո Բալյանի «Չափն ընդդեմ չափի» ներկայացումը Բիտոլայի միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել

2019-03-17 13:16 , Культура, Шоу бизнес, 1321

Ռեժիսոր Կարո Բալյանի «Չափն ընդդեմ չափի» ներկայացումը Բիտոլայի միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկի «Չափն ընդդեմ չափի» բեմադրությունը ամռանը Մակեդոնիայի Բիտոլա քաղաքում կայանալիք միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել:

«Փառատոնի շրջանակում ընդգրկվում են Վիլյամ Շեքսպիրի պիեսների հիման վրա բեմադրված այնպիսի ներկայացումներ, որոնք բավականին մեծ աղմուկ են բարձրացրել և հետաքրքիր մոտեցումներ ունեն: Այժմ հրավիրող կողմի հետ քննարկումներ են ընթանում, ինչից հետո մենք որոշում կկայացնենք՝ գնալ, թե ոչ», - «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց բեմադրության ռեժիսոր Կարո Բալյանը:

Նրա խոսքով` տարբեր միջազգային փառատոններին մասնակցելը հնարավորություն է տալիս փորձարարական, հետաքրքիր ներկայացումներ տեսնել, ինչը նպաստում է թատերական աշխարհայացքի ձևավորմանը: «Կարևոր են նաև փառատոնների շրջանակներում իրականացվող վարպետության դասերը, քննարկումները: Ստեղծագործողները լուրջ ծանոթություններ են ձեռք բերում և տարբեր երկրներում հանդես գալու առաջարկներ ստանում»,-ասաց Բալյանն ու շեշտեց, որ եթե փակենք պատուհանն ու թույլ չտանք մեզ ճանաչել այլ դպրոցների, այլ գեղագիտության ներկայացումներ, կմնանք չորս պատի մեջ, իսկ առանց փորձի փոխանակման թատրոնը կյանք չի ունենա և մրցունակ չի դառնա:

Նա պատմեց, որ հրավեր է ստացել «Չափն ընդդեմ չափի» ներկայացումը բեմադրել Օրենբուրգի Ա. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնում, քննարկվում է Ֆլորենցիայում «Համլետ» բեմադրելու հարցը:

Անդրադառնալով օտարերկրացի դերասանների հետ համագործակցությանը` Բալյանը խոստովանեց, որ նրանք ավելի կարգապահ են ու ճշտապահ: «Այլ երկրներում էլ թատրոնի դերասաններն իրենց գոյությունը պահպանելու համար նկարահանվում են հեռուստանովելներում, ընդգրկվում տարբեր նախագծերում, բայց կարգապահ են»,-ասաց ռեժիսորը:

Հայաստանի թատերական կյանքում կարգուկանոն, համակարգային դրական փոփոխություններ իրականացնելու հարցում Բալյանը կարևորեց թատրոնի մասին օրենքի ստեղծումը` շեշտելով, որ այն պարտադիր պետք է լինի, որպեսզի դաշտում առկա բազմաթիվ հարցեր և խնդիրներ լուծում ստանան:

«Ամիսներ առաջ թատրոնի զարգացման հնգամյա ծրագիր եմ ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարություն: Ծրագրի իրականացման դեպքում հայ թատրոնը կարող է դառնալ ամենամրցունակներից մեկը տարածաշրջանում: Ավաղ, ծրագրի վերաբերյալ հստակ պատասխան դեռ չեմ ստացել», - եզրափակեց նա:

Лента

Рекомендуем посмотреть