ԱՄՆ դաշնային դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել օգտատերերի տվյալների վաճառքի մասին գործարքների մեղադրանքով, որոնք Facebook-ը կնքել է համաշխարհային տեխնոլոգիական հսկաների հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով հետաքննության ընթացքին ծանոթ երկու աղբյուրի։
Նշվում է, որ Facebook-ի հետ գործընկերության նման համաձայնությունը թույլ է տվել ավելի քան 150 ընկերության՝ տեսնել օգտատերերի ընկերներին, նրանց հաղորդակցային տեղեկատվությունը եւ այլ տվյալներ, ընդ որում՝ երբեմն առանց նրանց համաձայնության։ Վերջին երկու տարում Facebook-ը դադարեցրել է գործընկերային հարաբերությունների մեծ մասը: