Mercer միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների վարկանիշը ըստ կյանքի որակի: Վարկանիշում Հայաստանի մայրաքաղաք Երևանն առաջ է անցել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից:
Վարկանիշում Երևանը զբաղեցրել է 170-րդ հորիզոնականը: Թբիլիսին 187-րդ հորիզոնականում է, իսկ Բաքուն՝ 195: Հայաստանի հարավային հարևան Իրանի մայրաքաղաք Թեհրանը 199-րդ հորիզոնականում է:
Վարկանիշը գլխավորում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ հորիզոնականում Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքն է, երրորդում՝ Կանադայի Վանկուվեր քաղաքը: Տասնյակում են նաև Մյունխենը, Օքլենդը, Դյուսելդորֆը, Ֆրանկֆուրտը, Կոպենհագենը, Ժնևը և Բազելը:
Կյանքի որակով վատագույն քաղաքը Իրաքի մայրաքաղաք Բաղդադն է:
Վարկանիշը կազմելու համար Mercer միջազգային խորհրդատվական ընկերության մասնագետները հաշվի են առնում բնակպայմանները, սպառողական ապրանքների առկայությունը, հասարակական տրանսպորտը, սոցիալ-քաղաքական և մշակութային վիճակը, զվարճանքների առկայությունը, կրթությունը, բնական պայմաններն ու տնտեսության վիճակը: