Երևանում կցուցադրվի գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենի «Սարաևոյի սգերգերը» ֆիլմը - RadioVan.fm

Онлайн

Երևանում կցուցադրվի գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենի «Սարաևոյի սգերգերը» ֆիլմը

2019-03-11 18:02 , Культура, Шоу бизнес, 1411

Երևանում կցուցադրվի գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենի «Սարաևոյի սգերգերը» ֆիլմը

Անվանի կինոռեժիսոր և օպերատոր Ֆրեդ Քելեմենի «Սարաևոյի սգերգերը» ֆիլմը եռապատում է՝ բաղկացած «Կապույտ բալլադ սիրահարների համար», «Կապույտ կրկներգ ողջ մնացածների համար» զույգ պատմությունից և «Կապույտ սաղմոս գայլերի համար» վավերագրական միջնամասից:

Ռեժիսորի արվեստի երկրպագուները ժապավենը Երևանում դիտելու հնարավորություն կունենան մարտի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում և մարտի 14-ին «Գյոթե» կենտրոնում: Ցուցադրության մուտքն ազատ է:

Ֆրեդ Քելեմենն այցելել է Հայաստան «Սև դաշտ. կինոարվեստի պոետական իրականության մասին» խորագրով ուսանողական աշխատարանի կազմակերպման նպատակով: Այն տեղի կունենա մարտի 11-16-ը: Մասնակիցները՝ երևանյան ԲՈՒՀ-երում կինո ուսումնասիրող ուսանողները, ընտրվել են իրենց ուղարկած հայտերի հիման վրա: Սա բացառիկ հնարավորություն է հայ ապագա կինոռեժիսորների և կինոօպերատորների համար անմիջապես շփվելու համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսորի հետ և նրա ղեկավարության ներքո շուրջ մեկ շաբաթ զանազան նկարահանումներ և ստեղծագործական փորձեր իրականացնելու:

Ֆրեդ Քելեմենը սկսել է ֆիլմեր նկարահանել 1990-ականներին և մինչ օրս հեղինակել է 6 ռեժիսորական աշխատանք, որոնք ընդգրկվել և պարգևների են արժանացել զանազան միջազգային կինոփառատոններում: Նրա ռեժիսորական ոճը համեմատում են Ալեքսանդր Սոկուրովի և Բելա Տարրի ոճերի հետ: Նա հայտնի է նաև իր օպերատորական գործունեությամբ: Մասնավորապես, մեծ գնահատանքի է արժանացել նրա համագործակցությունը հունգարացի վարպետ Բելա Տարրի հետ «Թուրինյան ձի» և «Մարդը Լոնդոնից» ֆիլմերում: Տարբեր տարիների եղել է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր, ժյուրիի անդամ և մրցութային ծրագրի մասնակից։

Ֆրեդ Քելեմենը Հայաստանում է Երևանի «Գյոթե» կենտրոնի և «Ֆիլմադարան» հասարակական կազմակերպության հրավերով:

Лента

Рекомендуем посмотреть