Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին հայ ունկնդրին խոստանում են երկու անմոռանալի համերգ - RadioVan.fm

Онлайн

Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին հայ ունկնդրին խոստանում են երկու անմոռանալի համերգ

2019-03-08 21:25 , Культура, Шоу бизнес, 1460

Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին հայ ունկնդրին խոստանում են երկու անմոռանալի համերգ

Աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին և ակորդեոնահար Սիմոնե Զանկինին հայ ունկնդրին խոստանում են երկու անմոռանալի համերգ ինքնատիպ ծրագրով: Երեկ՝ մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեցին երաժիշտները:

«Մարտի 9-ին Ֆեդերիկո Մոդելչին որպես սաքսոֆոնահար ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, որը կղեկավարի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, իսկ մարտի 13-ի համերգը կղեկավարի և որպես դիրիժոր հանդես կգա Ֆեդերիկո Մոնդելչին, իսկ մենակատար կլինի Սիմոնե Զանկինին, որը առաջին անգամ է Հայաստանում»,- ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ առաջին համերգը կրում է «Անմոռանալի Beatles» խորագիրը, որտեղ զետեղված են Իտալական կինոյի երաժշտությունը, ինչպես նաև հանրահայտ լիվերփուլյան քառյակի՝ Beatles-ի սիրված ստեղծագործությունների մշակումները՝ կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար, Բաբաջանյանի, Մորիկոնեի, Թարիվերդիևի, Մոլինելիի ստեղծագործությունները:

Ֆեդերիկո Մոնդելչին ներկայացրեց երկրորդ համերգի մանրամասները՝ շեշտելով, որ ներկայանալու են բոլորովին նոր ծրագրով: «Ես շատ ուրախ եմ կրկին Հայաստանում լինելու կապակցությամբ: Այս անգամ ես եկել եմ Հայաստան իմ ընկերներից Սիմոնե Զանկինիի հետ, մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում միասին. սաքսոֆոն և ակորդեոն համադրությամբ», - ասաց նա:

Երաժիշտները վստահեցնում են, որ հայ ունկնդրին հետաքրքիր համերգ է սպասվում: Երկրորդ համերգին հնչելու են Բախի, Պիացոլայի, Գալիանոյի ստեղծագործությունները:

«Անհամբեր սպասելու եմ համերգին: Ինձ պատմել են, որ հայ հանդիսատեսը շատ ջերմ է, ուզում եմ տեսնել», - հավելում է Սիմոնե Զանկինին:

Նա շեշտեց, որ որոշ ստեղծագործություններ կատարելու են Ֆեդերիկո Մոնդելչիի հետ միասին, որոշները՝ առանձին:

Երաժիշտները նաև նշեցին, որ շատ են սիրում հայկական երաժշտությունը՝ խոստովանելով, որ այստեղ կա ինչ-որ հոգևոր բան:

Համերգները տեղի կունենան Արամ Խաչատրյանի համերգասրահում մարտի 9-ին և 13-ին։

Лента

Рекомендуем посмотреть