«Եկեք այս մեկ ամիսը ուշադրություն ցույց տալուց հետո շարունակենք այնպես, որ 2019-ը լինի հայ կնոջ, հայ մոր և հայ աղջկա տարի»,-Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպմանը տղամարդկանց հորդորել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ միաժամանակ շնորհավորելով կանանց՝ Մարտի 8-ի և միամսյակի առթիվ։
«Մարտի 8-ը իմ ամբողջ կյանքում եղել է կանանց, մայրության, կանացի խորը արժեքների օր,-ասել է նախագահը՝ ուրախությամբ փաստելով, որ մեզ մոտ ոչ թե մեկ օր է, այլ միամսյակ՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը:
«Իրականում լավագույնը կլիներ, որ ամբողջ տարին հայտարարեին կանանց տարի, և ամբողջ տարին ուշադիր լինեինք մեր մայրերի, քույրերի, կանանց և աղջիկների նկատմամբ, երիտասարդ և գեղեցիկ ուսանողուհիների նկատմամբ, որոնք ձեր միջանցքներում են:
Մեր մայրերի և կանանց դերը մեր կյանքում հսկայական է: Չմոռանանք, որ մեզնից յուրաքանչյուրն իր կյանքը ոչ միայն սկսում է մոր միջոցով, այլև իր առաջին օրից սկսած՝ հիմնական կապն աշխարհի հետ մայրն է: Մայրն է, որ գուրգուրում է փոքրիկին, մայրն է, որ սովորեցնում է քայլել այս աշխարհում, մայրն է, որ սովորեցնում է երեխային իր առաջին հայերեն բառերը, մայրն է, որ սովորեցնում է կարդալ-գրել երեխային և, իհարկե, մայրն է, որ սովորեցնում է երեխային իր հավատքը: Այսինքն՝ մենք մարդ ենք դառնում մեր մայրերի շնորհիվ»,-ասել է հանրապետության նախագահը՝ նկատելով, որ աստիճանաբար կանանց դերը հանրության մեջ, հասարակությունում, և՛ քաղաքական, և՛ գործարար կյանքում մեծանում է: