Պետական աշխատողները էվոլյուցիոն ճանապարհ կանցնեն - RadioVan.fm

Онлайн

Պետական աշխատողները էվոլյուցիոն ճանապարհ կանցնեն

2019-03-07 18:44 , Политика, 1309

Պետական աշխատողները էվոլյուցիոն ճանապարհ կանցնեն

Նախարարությունների թվի կրճատումը նպատակ ունի բարձրացնել պետական կառավարման արդյունավետությունը և գործընթացն իրականացվելու է հավասարակշռված, հանդարտ ու էվոլուցիոն ճանապարհով։ Այդ մասին այսօր գործադիրի նիստում կրկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ համապատասխան նախագծի քննարկման ժամանակ։

«Ըստ էության, նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով կոնսոլիդացվելու են։ Այո, կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատող իր շանսն է ստանալու: Հետևաբար, յուրաքանչյուր աշխատակցի առաջ դրվում է շատ կոնկրետ խնդիր՝ վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության, բաժնի աշխատանքի որակը և ընդհանրապես այդ նախարարությունների, կառույցների աշխատանքի որակը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ մարդկանց աշխատանքի գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա մաքսիմալ օբյեկտիվ, անկախ որևէ հարակից գործոնից:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առաջիկայում նաև ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծվի. «Պետական կառավարման համակարգում իսկապես պետք է աշխատեն բարձր որակավորմամբ աշխատողներ՝ սրանից բխող հետևանքներով»:

Նշենք՝ գործադիրն այսօրվա նիստում հաստատել է Կառավարության կառուցվածքի մասին օրինագծերում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի կրճատվելու է առաջին փոխվարչապետի պաշտոնը, կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից, գործող17 նախարարությունների փոխարեն կլինեն 12-ը:

Կառավարությանկառուցվածքում կընդգրկվեն հետևյալ վերակազմակերպված և անվանափոխված նախարարությունները․

1)աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,

2) առողջապահության նախարարությունը,

3) արդարադատության նախարարությունը,

4) արտակարգ իրավիճակների նախարարությունը,

5) արտաքին գործերի նախարարությունը,

6) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,

7) շրջակա միջավայրի նախարարությունը,

8) պաշտպանության նախարարությունը,

9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,

10) բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,

11) էկոնոմիկայի նախարարությունը,

12) ֆինանսների նախարարությունը:

Նախագծի համաձայն՝ Ափյուռքի նախարարությունը վերակազմակերպվելու և միանալու է վարչապետի աշխատակազմին՝ ստեղծելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ:

Հիշեցնենք՝ օրեր առաջ համացանցում հրապարակվեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետին ուղղված գրությունը, որում պաշտոնյաները ներկայացնելով պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը, նշում են, թե հավելյալ արժեք չապահովող պաշտոնյաների առկայությունը շատ ավելի մեծ վտանգ է ողջ հասարակության համար, քան նրանց կրճատման արդյունքում հնարավոր ռիսկերը և, որ «անգամ, եթե մոտ 10 հազար հավելյալ արդյունք չստեղծող հանրային ծառայողներ դառնան գործազուրկ (տուժվեն), ապա դրանից շահելու է Հայոց պետականությունը և ողջ հասարակությունը»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть