Հայաստանում նախօրեին արձանագրվել է տարվա ընթացքում լաբորատոր հաստատված կարմրուկի երկրորդ բերովի դեպքը: Հիվանդը Հայաստան է ժամանել փետրվարի 20-ին Բրյուսելից՝ Վրաստանով:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, կլինիկական երևույթներն ի հայտ են եկել փետրվարի 25-ին՝ ջերմության բարձրացումով, իսկ փետրվարի 28-ից սկսել է մարմնի ցանավորում, որը դիտարկվել է որպես դեղորայքային ալերգիա:
Մարտի 6-ին կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ:
Կարմրուկի առաջին բերովի դեպքն արձանագրվել էփետրվարի 24-ին PS 611 չվերթով Կիևից ժամանած Ուկրաինայիքաղաքացու մոտ: Երկու դեպքում էլ հիվանդներն ունեցել են բազմաթիվ մարդկանց հետ շփումներ, որոնց ինքնությունը գործնականում հնարավոր չէ պարզել (հիվանդանոցների սպասասրահ, հետազոտությունների համար սպասող անձինք, թռիչքի ժամանման սրահում բազմաթիվ դիմավորողներ):
Կարմրուկը խիստ վարակիչվիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտվածինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Աշխարհում կարմրուկի առումով իրավիճակն անհանգիստ է: Բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ մեզ հարևան, այս օրերին գրանցվում են կարմրուկի բռնկումներ՝ նույնիսկ մահվան ելքով:
Առողջապահության նախարարությունից ընդգծում են՝ պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար:
Այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, գերատեսչությունը հորդորում է դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը