Մայրաքաղաքում այս տարի նոր մոտեցում կցուցաբերվի էտված ճյուղերի հարցում. դրանք տեղում կմանրացվեն:
«Եթե այս պարագայում պետք է երկու կամ երեք բեռնատար կանգնի, որ ճյուղերը տեղափոխի, ապա մուլչավորման արդյունքում աշխատանքն առավել արդյունավետ կդառնա: Մեքենային կցված հատուկ սարք է լինելու, որը տեղում աղալու է ճյուղերը, և արդեն փոքրիկ պարկերով ավելի հարմար կլինի տեղափոխելը»,- նշում է Երևանի գլխավոր էկոլոգ Գայանե Ներսիսյանը:
2018թ.-ի աշնանն իրականացված գույքագրման համաձայն մայրաքաղաքում շուրջ 440 չորացած և վթարային ծառ կա։ Դրանք գարնանային էտի շրջանակում կհատվեն, փոխարենը տարածքը կհամալրվի նոր ծառերի տնկիներով:
«Մյասնիկյան պողոտայում ունենք 10-ից ավելի սև բարդիներ, որոնք չորացած են և իրենց տարիքն ապրել են: Դրանք ամեն վայրկյան վտանգ են ներկայացնում հարակից շինությունների, երթևեկության և մարդկանց անվտանգության համար»,- նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:
Քաղաքապետարանից ծառերի էտի առնչությամբ մտահոգություններ ունեցող քաղաքացիներին վստահեցնում են՝ աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով և ծառերը չեն հատվում կամ վնասվում։
Ի դեպ՝ քաղաքապետարանից նաև հավելում են, որ քաղաքացիներին անհանգստություն չպատճառելու համար էտման աշխատանքները հիմնական պողոտաներում ու փողոցներում կիրականացվեն երթևեկության ոչ բանուկ ժամերին կամ հանգստյան օրերին:
Մայրաքաղաքում գարնանային էտի աշխատանքները մեկնարկել են մարտի 5-ից։