Սերժ Սարգսյանն Արցախում ներկա է եղել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։
«Արցախը միշտ հիշում ու մեծարում է Վազգեն Սարգսյանին, ում անմիջական և գործուն մասնակցությամբ կերտվեցին մեր փայլուն հաղթանակները, կազմավորվեց պաշտպանության բանակը, ապահովվեց մեր նորանկախ հանրապետության կայացումն ու զարգացումը։ Նա իր արած գործերով, իր ապրած կյանքով իսկապես նման է լեգենդի, լեգենդ, որը կմնա դարերում՝ միշտ ոգեշնչելով ու դաստիարակելով սերունդներին, տանելով նրանց դեպի նոր հաղթանակներ: Եվ այդպես նա կշարունակի իրականացնել իր ազգանվեր առաքելությունը, իր ծառայությունը՝ որպես հայրենիքի հավերժ զինվոր»,-սպարապետի անվան ՊԲ Կենտրոնական պաշտպանական շրջանի 8-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադում կայացած հանդիասվոր միջոցառմանն իր ելույթում շեշտել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ Վազգեն Սարգսյանն այն բացառիկ ռազմական, քաղաքական ու հասարակական գործիչներից է, ում կհիշեն և՛ սերնդակիցները, և՛ հետագա սերունդները, կհիշեն որպես անձնազոհ ու անձնվեր ընկերոջ և հրամանատարի, որպես խելամիտ ու բանիմաց ղեկավարի ու առաջնորդի, որպես մեծ հայրենասերի և Սպարապետի:
Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցել են նաև Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, Վազգեն Սարգսյանի հարազատներն ու զինակից ընկերները, պաշտոնատար այլ անձինք:
Նշենք՝ Հայաստանում ևս նշանավորել են օր․ՀՀ մի շարք բարձրաստիճան այրեր Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր հարգանքի տուրք են մատուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, ազգային հերոս Վազգեն Սարգսյանի հիշատակին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը