ՀՀ ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյա նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետը:
«Նախկին կարգավորմամբ այս ժամանակահատվածը սահմանված էր մինչ 2017-ի դեկտեմբերի 1-ը 27 տարին լրացած քաղաքացիների համար: Նախագծով առաջարկվում է այդ ժամկետը երկարաձգել մինչ 2019-ի մարտի 1-ը»,-ասել է Գորգիսյանը՝ շեշտելով, որ նախագիծը միտված է հնարավորություն տալ այն քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է, և նրանք այլևս զինապարտ չեն, վերադառնալ հայրենիք, ազատվելով քրեական հետապնդումից` վճարել օրենքով սահմանված գումարը, որը ամեն բաց թողնված զորակոչի համար նվազագույն աշխատավարձի 200-պատիկի չափն է։
Նշենք՝ նախագծի՝ փետրվարի 25-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկմանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշել էր, որ այդ հարցին վերջնական լուծում է պետք տալ։ «Ամեն տարի սենց փոխում ենք ժամկետները ու ամեն տարի արվող փոփոխություններով ասում ենք՝ «մալադեց չծառայողներին»»՝ ընդգծել էր պատգամավորը։
Հիշեցնենք՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխությունը՝ թվով 10-րդը կատարվել է 2018-ի հունիսի 21-ին։
2017-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում աշխատող Արտակ Զաքարյանը հայտարարել էր, թե օրենքը երկարաձգվում է վերջին անգամ, քանի որ տարիների ընթացքում այն դարձել է բանակից խուսափել ցանկացողների համար լավ հնարավորություն:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» 2003թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ մտած օրենքից հետո Հայաստանում սահմանված կարգով վճարում կատարելով քրեական հետապնդումից ազատվել է 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած 9985 քաղաքացի՝ ՀՀ ՊՆ հատուկ հաշվեհամարին փոխանցելով 11 մլրդ 81մլն 46 հազ ՀՀ դրամ։
Այս պահի դրությամբ զինապարտությունից խուսափելու համար հետախուզման մեջ է 27-35 տարեկան 3225 երիտասարդ։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը