«Ինձ ժողովուրդը չի ճանաչում․․․գիտեն մորուքով, ջղայնացած»․ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան - RadioVan.fm

Онлайн

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում․․․գիտեն մորուքով, ջղայնացած»․ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան

2019-03-05 15:33 , Общество, 3450

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում․․․գիտեն մորուքով, ջղայնացած»․ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 60 տարեկան

Այսօր Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 60 տարեկան։

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»,-մի առիթով ասել է Վազգեն Սարգսյանը՝ իր ինքնակենսագրականում գրելով․ «… Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։ Դատվա՞ծ.. Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները… մորս դատավճիռներով։ Արտասահմանում բարեկամներ ունեմ։ Շա՜տ-շատ՝ սփյուռքի ամբողջ հայությունը։ Ուրի՞շ… էլ ասելու բան չմնաց։ Սա էլ Ձեզ ինքնակենսագրություն»։

Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը կարմիր դիպլոմով ավարտած, ակտիվ հասարակական կյանք որպես գրող, լրագրող մուտք գործած ծնունդով արարատցի երիտասարդի հետագա ճակատագիրը էականորեն փոխկապակցվեց Արցախյան ազատամարտին։ Նա կանգնեց արցախյան ազատագրական պայքարի ակունքներում՝ դառնալով կազմակերպիչներից մեկը, հիմնադրելով «Երկրապահ» կամավորականների ջոկատները: 1990 թվականի ընտրություններում ընտրվեց Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։

Հայ կամավորական ջոկատներում և բանակի սպայական կազմում մեծ համբավ ունենալով՝ Վազգեն Սարգսյանը 1991 թվականի դեկտեմբերին նշանակվեց անկախ Հայաստանի առաջին Պաշտպանության նախարար: 1992 թվականի հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունը պատմական որոշում ընդունեց, որով պաշտոնապես ստեղծվեց Հայաստանի զինված ուժերը:


1992 թվականի մարտին, երբ հակառակորդի կողմից ռազմական գործողությունները նոր թափ էին ստանում, Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանին անհրաժեշտ է 30.000 զինվոր ունեցող հզոր բանակ, որպեսզի ապահովվի երկրի անվտանգությունը: 1992 թվականի մայիսի 9-ին Արցախում Շուշիի ազատագրմամբ գրանցվեց առաջին լուրջ հաջողությունը։ Շաբաթներ անց Բերձորի ազատագրումն էր, որով Արցախը ցամաքով կապվեց Հայաստանի հետ:

1992 թվականի ամռանը իրավիճակը օրհասական էր հայկական զինված ուժերի համար։ Օգոստոսի 15-ին Սարգսյանը կոչ արեց հայ տղամարդկանց՝ կամավորագրվել զինված ուժերում և հետ մղել Ադրբեջանի գրոհները Արցախի հյուսիսում: Նրա կոչով ձևավորվեց «Արծիվ մահապարտներ»-ի գումարտակը՝ գեներալ մայոր Աստվածատուր Պետրոսյանի հրամանատարության ներքո և պարտության մատնեց ադրբեջանական զորքերին Մարտակերտի շրջանի Գանձասար վանական համալիրի և Չլդրան գյուղի մոտ՝ կանգնեցնելով ադրբեջանցիների առաջխաղացումը և բեկելով պատերազմի ընթացքը հօգուտ հայերի:

Սպարապետի՝ հայրենիքին նվիրումով կյանքի ուղին ընդհատվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին․ 1999 թվականի հունիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանը սպանվեց Ազգային ժողովում, կառավարության հարց ու պատասխանի ժամանակ՝ զինված հարձակման հետևանքով։ Սպանվածների թվում էին նաև Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը և Միքայել Քոթանյանը: Զինված հարձակման գլխավոր մեղավորները՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ցմահ դատապարտվեցին: Նրանք, տված ցուցմունքներում պնդում էին, թե իրենց արարքը «հայրենասիրական» միտումներով է, «պահանջված ժողովրդի կողմից», քանի որ «սպեկուլյանտ կառավարությանը խմում է ժողովրդի արյունը»։

Վազգեն Սարգսյանը 1999թ. դեկտեմբերին հետմահու արժանացել է Հայաստանի «Ազգային հերոս»-ի կոչման և «Հայրենիք» շքանշանի։

Կառավարության՝ օրեր առաջ կայացրած որոշման համաձայն՝ սպարապետի ծննդյան 60-ամյակը հանդիսավորությամբ նշելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը 12 մլն 887 հազար դրամ գումար հատկացվեց։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть