Նորածինների լսողության սկրինինգի 100% ծածկույթ կունենանք - RadioVan.fm

Онлайн

Նորածինների լսողության սկրինինգի 100% ծածկույթ կունենանք

2019-03-04 17:02 , Медицина, здоровье, 3277

Նորածինների լսողության սկրինինգի 100% ծածկույթ կունենանք

Հայաստանում 2008 թվականից իրականացվող նորածինների լսողության սկրինինգ ծրագրի շրջանակում մինչև 2017 թվականը հետազոտվել է 147 հազար նորածին։ Արդյունքում հայտնաբերվել է լսողության տարբեր խնդիրներով շուրջ 200 երեխա, որոնք, ըստ անհրաժեշտության ստացել են կամ բուժում կամ լսողության սարք: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նշյալ սկրինինգը 2018 թվականի դրությամբ ներդրված է Երևանի 15 և մարզերի 34 բուժհաստատությունում:

«Մեր գործընկերների` Ճապոնիայի դեսպանատան և «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության համատեղ ջանքերի շնորհիվ բոլոր ծննդատներն ապահովվել են նորածինների լսողության հետազոտման բավարար քանակի ախտորոշիչ սարքերով: 2019 թվականից Հայաստանում ծնվող բոլոր երեխաները կընդգրկվեն սկրինինգային ծրագրի մեջ և կունենանք շուրջ 100% ծածկույթ»,-ընդգծում են առողջապահական գերատեսչությունից:

Նշվում է նաև, որ 2004 թվականից Հայաստանում ներդրվել է կոխլեար իմպլանտացիայի ծրագիրը, որն իրականացվում է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի (AIMF) աջակցությամբ «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այն հնարավորություն է տալիս բնածին խլությամբ տառապող հայ մանուկներին լսելու և ընկալելու աշխարհի բոլոր ձայները, ինտեգրվելու հասարակության մեջ` որպես նորմալ զարգացող երեխա: Ծրագրի շրջանակներում վիրահատվել է 100-ից ավելի երեխա և մեծահասակ:

Մարտի 3-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է Ականջի և լսողության պահպանման համաշխարհային օր։ Այս տարվա խորհուրդն է. «Ստուգիր լսողությունդ»։ ԱՀԿ-ի 2018 թվականի մարտ ամսվա տվյալների համաձայն՝ երկրագնդի բնակիչների 5 %-ից ավելին` 466 միլիոն մարդ, ունի լսողության տարբեր աստիճանի խանգարումներ, որոնցից 7,3 % (34 միլիոն) երեխաներ են:

Լսողության խանգարումները համարվում են բնածին ամենատարածված պաթոլոգիաներից. համաշխարհային վիճակագրության համաձայն՝ 1000 նորածնից 1-2-ն ունի լսողության խանգարում: Որպես հիմնական հետևանք` խոսքի բացակայությունն է կամ թերզարգացումը, որը հանգեցնում է երեխաների սոցիալականացման և հասարակության մեջ ներառման դժվարությունների, հետևաբար` հաշմանդամության: Նորածնային տարիքում լսողության խանգարումների հայտնաբերումը խիստ կարևոր է, քանի որ մասնագիտական վաղ միջամտությունը նպաստում է այդ երեխաների խոսքի և ընդհանուր զարգացմանը:

Лента

Рекомендуем посмотреть