Ֆանտաստիկ հաճույք՝ առաջին նոտայից մինչև վերջին նոտան․ 14-ամյա դադարից հետո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերան կներկայանա երևանյան բեմում - RadioVan.fm

Онлайн

Ֆանտաստիկ հաճույք՝ առաջին նոտայից մինչև վերջին նոտան․ 14-ամյա դադարից հետո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերան կներկայանա երևանյան բեմում

2019-03-01 20:47 , Культура, Шоу бизнес, 1371

Ֆանտաստիկ հաճույք՝ առաջին նոտայից մինչև վերջին նոտան․ 14-ամյա դադարից հետո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» օպերան կներկայանա երևանյան բեմում

Իտալացի հանրահայտ կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» կատակերգական օպերան, որը Հայաստանում վերջին անգամ հնչել է 14 տարի առաջ, կբարձրանա երևանյան բեմ հայ և օտարերկրացի ճանաչված արտիստների մասնակցությամբ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:

Ռոսինիի գլուխգործոցը, որը զարդարում է աշխարհի լավագույն օպերային թատրոնների խաղացանկը, երաժշտասերները կարող են ունկնդրել մարտի 3-ին և 5-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

Մարտի 1-ին լրագրողները ներկա գտնվեցին օպերայի փորձին և զրուցեցին նվագախմբի դիրիժորի, մենակատարների հետ:

«Այս օպերան դասական երաժշտության հրաշալի գանձերից է. գեղեցկագույն մեղեդիների անդադար տարափ է: Դա է պատճառը, որ գրված օրվանից մինչ օրս այն չի իջնում բեմահարթակներից և ամենասիրված հիթերից է: «Սևիլյան սափրիչը» կոմիկական օպերա է, բայց պահանջում է հետևել ամեն բառին: Օպերայի թեթևությունը, հումորը ստանալու համար անհրաժեշտ է լուրջ մոտենալ դրան»,-նշեց Ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

Անդրադառնալով մենակատարներին` նա ասաց, որ սիրում է աշխատել Լիպարիտ Ավետիսյանի հետ: «Իմացա, որ Լիպարիտը կատարել է Ալմավիվայի դերերգը, դա ևս առիթ հանդիսացավ, որ ներկայացնենք «Սևիլյան սափրիչը»: Լիպարիտին միացավ սոպրանո Աննա Կասյանը, որը հեղինակավոր թատրոններում Ռոզինայի դերերգն է երգում: Բոլոր մենակատարները հրաշալի երգիչներ են, որոնց հետ համագործակցել ենք նաև նախկինում: Նրանք հանդես են գալիս աշխարհի լավագույն բեմերում», - շեշտեց Թոփչյանը և հավելեց, որ Արամ Խաչատրյան համերգասրահը օպերային բեմ չէ, և իրենք չեն ձգտել մանրակրկիտ աշխատել բեմադրության վրա: «Դա մեզ համար երկրորդական մաս է. կարևորը երաժշտությունն է»,- շեշտեց դիրիժորը:

Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ անչափ զգացված է, շնորհակալ է մաեստրոյին ու երջանիկ է, որ Հայաստանում կա բարձրակարգ նվագախումբ, որի հետ կարելի է համագործակցել: «Սա չնաշխարհիկ օպերա է, որն առաջին նոտայից մինչև վերջին նոտան ֆանտաստիկ հաճույք է պատճառում», - հավաստիացրեց տենորը:

Սոպրանո Աննա Կասյանի խոսքով`Ռոզինան իր ամենասիրելի դերերգերից չէ, բայց լավագույն տասնյակում է և ամեն անգամ մեծ սիրով է այն կատարում տարբեր երկրների բեմերում, իսկ Երևանում հանդես գալը մեծ պատասխանատվություն է: «Այս Ռոզինան տարբերվում է այն Ռոզինաներից, որոնց կերտում եմ Եվրոպայում: Այնտեղ նա կամակոր կին է, որը հստակ գիտի, թե ինչ է ուզում և անպատճառ պետք է հասնի իր ցանկացածին: Էդուարդ Թոփչյանի պատկերացմամբ` Ռոզինան ավելի արիստոկրատ է, ու ես փորձում եմ նրան հենց այդպես ներկայացնել: Հուսամ`ամեն բան լավ կանցնի, և մեր ունկնդիրը կհավանի այս Ռոզինային»,-պատմեց երգչուհին:

Գերմանիայից Հայաստան ժամանած մենակատար Վազգեն Գազարյանը խոստովանեց, որ 2004 թվականին Երևանի պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայում Դոն Բազիլիոյի մեներգով կայացել է իր օպերային դեբյուտը: «Հիմա այլ կերպ եմ ելույթ ունենալու. հուզմունքն անցել է, ավելի վստահ եմ դարձել: Շատ հետաքրքիր դեր է. Դոն Բազիլիոն բացասական կերպար է` կեղծավոր, զրպարտիչ, մարդը, որը ամեն ինչի պատրաստ է հանուն փողի: Ըստ իս` բացասական դերերգ կատարելն ավելի հեշտ է, այդ կերպարներն ավելի խարիզմատիկ են:

Ինձ համար դրական կերպար մարմնավորելիս համոզիչ լինելն ավելի բարդ է», - անկեղծացավ Գազարյանը:

Կատակերգական օպերայում Ֆիգարոյի կոլորիտային, ճարպիկ կերպարը կմարմնավորի իտալացի բարիտոն Ջանպիերո Ռուջերին, փնթփնթան ծերուկ Բարտոլոյի դերերգը կկատարի բաս Եվգենի Ստավինսին, Բերտային կմարմնավորի սոպրանո Ալինա Փահլևանյանը, Ֆիորելլոյին`բարիտոն Կիմ Սարգսյանը: Ներկայացմանը մասնակցում է «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սոնա Հովհաննիսյան:

Հագուստների և բեմի ձևավորումն իրականացրել են փարիզաբնակ մոդելավորողներ Գևորգ և Վարդան Թառլոյանները:

Ռոսինիի «Սևիլյան սափրիչը» Հայաստանում ներկայացվել է 2005 թվականի մայիսի 25-ին Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ (համերգային կատարում): Երկու տասնամյակից ավել Հայաստանում կատակերգական օպերա չի բեմադրվել:

Лента

Рекомендуем посмотреть