Նաիրա Զոհրաբյանը ապշած է «տարբեր լակոտների խաղաղասիրական կոչերից» - RadioVan.fm

Онлайн

Նաիրա Զոհրաբյանը ապշած է «տարբեր լակոտների խաղաղասիրական կոչերից»

2019-03-01 14:25 , Политика, 2131

Նաիրա Զոհրաբյանը ապշած է «տարբեր լակոտների խաղաղասիրական կոչերից»

Արմենոֆոբիան շարունակում է մնալ ալիևյան Ադրբեջանի շարժիչ ուժը։ Նման համոզմունք է հայտնել ԲՀԿ-ականպատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում Կարեն Ղազարյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելուն։

«Ադրբեջանի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց 2018 թվականի հունիսին պատահաբար ադրբեջանական իրավազորության ներքո հայտնված Հայաստանի քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին։ Կարեն Ղազարյանը զինծառայող չէր, ու վերջինիս որպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ ներկայացնելը ալիեւյան Ադրբեջանին բնորոշ ցինիկ գործելաոճն է։ Ակնհայտ է, որ Կարեն Ղազարյանի հանդեպ նման դատավճիռը պայմանավորված է բացառապես նրա հայ լինելու հանգամանքով, ինչպես նաև ակնհայտ է, որ Կարենի դեպքում կոտպորեն խախտվել են Մարդու Իրավունքների Եվրոպական կոնվեցիայի բազմաթիվ դրույթներ։

Ալիևյան Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի հանդեպ տեղի ունեցածը ես համարում եմ լկտի մարտահրավեր ողջ քաղաքակիրթ հանրությանն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և ակնկալում եմ, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը, ինչպես նաև՝ Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական կոմիտեն ու Կարմիր Խաչը կանեն առավելագույնը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

Արմենոֆոբիան շարունակում է մնալ ալիևյան Ադրբեջանի շարժիչ ուժը, որը յուրաքանչյուր օր նոր ու առավել այլանդակ դրսեւորումներ է ստանում։ Եվ հայատյացության այս բացառիկ ֆոնին ինձ ուղղակի ապշեցնում են տարբեր լակոտների խաղաղասիրական կոչերը։

Մենք մեկ վայրկյան անգամ չպիտի մոռանանք ինչպիսի պետության հետ գործ ունենք, և մեզանից յուրաքանչյուրը, ով ունի միջազգային հարթակներում ձայնի իրավունք, պիտի անհապաղ սկսենք գործել՝ Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար»,-մասնավորապես գրել է պատգամավորը ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, տավուշեցի Կարեն Ղազարյանի դատավճռից օր անց ՀՀ գերիների և պատանդների հարցերով հանձնաժողովը հանդես եկավ միջազգային կառույցներին ուղղված հայտարարությամբ՝ Կարեն Ղազարյանի հարցով ակնկալելով միջազգային հանրության պաշտպանությունը։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս երեկ արձագանքեց կատարվածին՝ դատապարտելով ադրբեջանական դատարանի՝ միջազգային հումանիտար պարտավորությունների ակնհայտ խախտմամբ կայացրած այդ դատավճիռը։

«Ցավոք, Ադրբեջանի իշխանությունները, չբավարարվելով անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Կարեն Ղազարյանի նկատմամբ ֆարս հիշեցնող դատական գործընթացի նախաձեռնությամբ, ավելի հեռուն գնացին և ակնհայտ առողջական խնդիրներ ունեցող մեր քաղաքացու գործն «արագացված կարգով» քննելով՝ կայացրեցին 20 տարվա ազատազրկման դատավճիռը:

Որևէ մեկի համար գաղտնիք չէ պետական մակարդակով Կարեն Ղազարյանի պատանդառության իրական նպատակը, սակայն այդ ջանքերը չեն կարող հաջողության հասնել։ Թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի համար գերակայություն են հակամարտության գոտում ապրող մարդկանց իրավունքները և միջազգային հումանիտար իրավունքը:

Ավելին, Արցախի իշխանությունների վերջերս ընդունած որոշումն` ազատ արձակելու համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողին, լավագույնս վկայում է իրավունքի գերակայության և միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հայկական կողմի հավատարմության մասին։

Սակայն ազգային ատելության հողի վրա կատարված անչափահասի սպանությունը գտնվում է այլ իրավական, ինչպես նաև բարոյական հարթությունում, առավել ևս երբ մեր հիշողությունում վառ է նմանօրինակ հանցագործությունների և դրանց իրականացնողների համապետական հերոսացումը: 15 տարի առաջ նույն դրդապատճառներով սպանության համար հերոսացված մարդասպանի անպատժելիությունն ամենօրյա հիշեցում է, որ ո՛չ մեր տարածաշրջանին և ո՛չ էլ միջազգային հանրությանը պետք չեն նմանօրինակ նոր «հերոսներ»»,-ասված էր ՀՀ ԱԳՆ կայքում հրապարակված գերատեսչության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությունում:

Лента

Рекомендуем посмотреть