Բրիտանական խորհրդի անգլերենի ակումբների աշխարհագրությունն ընդլայնվում է. Ջերմուկի ավագ դպրոցում բացվել է հերթական ակումբը, որն իրականացվում է «Բարելավելով հմտությունները հանուն ավելի ուժեղ հասարակության» ծրագրի շրջանակում՝ Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսավորմամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։
Ինչպես հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից՝ ՄԹ փոխդեսպան Էլիսոն Չիկը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, իր գոհունակությունն է հայտնել, որ առավել մեծ թվով երեխաներ ողջ Հայաստանում կկարողանան օգտվել նոր ռեսուրսներից, տեխնոլոգիաներից և դասասենյակներից:
«Դրանք կօգնեն նրանց զարգացնել ավելի ճկուն մտածելակերպ և սովորել տարբերվող մեթոդաբանությամբ: Սովորելով անգլերեն՝ նրանք միջազգային հաղորդակցության մեջ ավելի անկաշկանդ կլինեն և կկարողանան աշխարհում հանդես գալ որպես Հայաստանի դեսպաններ»,-նշել է նա:
Նշենք, որ ծրագիրը նախատեսում է աջակցել հեռավոր համայնքներում երիտասարդների անգլերենի, ինչպես նաև բանակցելու և երկխոսելու հմտությունների զարգացմանը, նպաստել նրանց աշխատանք գտնելու հեռանկարներին իրենց համայնքներում: Հայաստանում ծրագրի ներկա փուլը նախատեսում է անգլերենի ակումբների ստեղծում Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում: Անգլերենի ակումբները համալրված են անհրաժեշտ ուսումնական, դասավանդման ռեսուրսներով և համակարգչային տեխնիկայով: Բացի այդ, կիրառվում է նորագույն տեխնոլոգիա, որը հնարավորություն է ընձեռում ուսուցիչներին ձայնագրել /տեսանկարահանել/ իրենց դասընթացները և Բրիտանական խորհրդի մասնագետների կողմից կարծիք ստանալ դրանց վերաբերյալ:
Դասընթացները կվարեն վերապատրաստում անցած ուսուցիչները, որոնք կստեղծեն սովորելու արդյունավետությանը նպաստող, 21-րդ դարի կրթական պահանջներին համապատասխան միջավայր: Անգլերենի ակումբներն աշակերտներին կառաջարկեն հետևյալ անվճար արտադասարանային պարապմունքները՝ անգլերենը հաղորդակցության համար, ինչպես նաև քննարկելու, բանակցելու և երկխոսելու հմտությունների դասընթաց:
Բրիտանական խորհուրդը ՀՀ-ում նախկինում ստեղծել էր վեց Անգլերենի ակումբ և երկու Զարգացման կենտրոն ։