Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի 453-րդ նիստում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բարձ գնահատելով Ռուսաստանի Դաշնության դերը։
Այդուամենայնիվ, ՀՀ ԱԺ նախագահն արձանագրել է․ «Չնայած մեր երկրների միջև բարձր մակարդակի և դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին՝ ռուսաստանցի մեր որոշ գործընկերներ բառացիորեն երեկ դարձան վառ արտահայտված հակահայկական միջոցառման մասնակիցներ Բաքվում՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում այս միջոցառմանը ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամների մասնակցությունը»:
Նշենք, երեկ՝ փետրվարի 26-ին, Բաքվում «Խոջալուի իրդարձություններին» նվիրված երթ է անցկացվել, որին մասնակցել են ռուս պատգամավորներ Օքսանա Պուշկինան, Դմիտրի Սավելևը և Իրինա Ռոդնինան: Վերջինը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ է: