«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՈԱԿ)-ը պետական գրանցում է ստացել ու մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ աշխատանքները սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ: Այդ մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։
Հաղորդվում է, որ այս շաբաթվա վերջին արդեն իսկ կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը:
Նշենք՝ քաղաքային իշխանությունները նկատի առնելով այն, որ թափառող շները Երևանի բնակիչների համար իսկապես դարձել են խնդիր, օրեր առաջ՝ փետրվարի 12-ին, «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (ՀՈԱԿ) ստեղծելու մասին որոշում կայացրին։
Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու համար Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին: Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:
Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի փոխանցմամբ՝ հաշվառված է մոտ 6 հազար էգ շուն, որից 4 հազար 500-ին նախատեսվում է ստերջացնել առաջին տարվա ընթացքում:
Քաղաքային իշխանություններն ակնկալում են Երևանում թափառող շների խնդիրը լուծել առաջիկա 6-8 տարիների ընթացքում:
Հավելենք, որ Կենտրոնը ֆինանսավորվելու է համայնքային բյուջեից, այն կազմում է 50 միլիոն դրամ: