Բնապահպանության նախարարությունը մշակել է օրենքի նախագծերի փաթեթ, որով այս տարվա հուլիսի 1-ից առաջարկում է արգելել պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝հատուկ հարկ սահմանել։
Ակնկալվում է, որ ներկայացված օրենքների նախագծերով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում պլաստիկ թափոնների ծավալների կրճատման համար, մասնավորապես, ակնկալվում է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալների կտրուկ կրճատում, ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի և դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը, հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը։ Միաժամանակ նշվում է, որ 2022-ից պոլիէթիլենային տոպրակների վաճառքն առհասարակ Հայաստանում կարգելվի։
Նախագծերի փաթեթն այսօր հրապարակվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, այն բաց է դիտողություն-առաջարկների համար մինչև մարտի 19-ը։
Հիշեցնենք՝ Հայաստանում որոշ մարկետներ սպասարկման տոպրակները վճարովի դարձրին դեռ 2016-ի հուլիսից, գնորդներից գանձելով միջինի դեպքում՝ 10, իսկ մեծի դեպքում 20-ական դրամ: Այդ քայլը տնտեսվարողները հիմնավորեցին շրջակա միջավայրը մաքուր պահելու ու բնությունը չվնասելու ցանկությամբ։
Մինչդեռ սպառողների իրավունքների պաշտպանները հայտարարեցին, որ տոպրակները վճարովի դարձնելը խարդախություն է:
Փոխարենը տնտեսվարողների քայլը ողջունեցին բնապահպանները և պոլիէթիլենային տոպրակների տրամադրումն առհասարկ արգելելու նպատակով ստորագրահավաք նախաձեռնեցին՝ պահանջը հասցեագրելով ՀՀ կառավարությանը։
Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանի Հանրապետություն 2013-2015 թվականներին ներմուծվել է մոտ 16 տոննա պոլիէթիլենային փաթեթ, հանրապետությունում արտադրվել է՝ 8.149,1 տոննա։ 2017-2018 թվականներին ներմուծվել է 18.059,6 տոննա էթիլենի պոլիմերներ՝ սկզբնական ձևերով։ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պոլիէթիլեն արտադրողներ հիմնական ընկերությունները 4-ն են։
Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը: Հայաստանում խնդիրը բարդանում է նաև նրանով, որ աննշան են պլաստիկ հումքի վերամշակման ծավալները, որի արդյունքում պլաստիկ թափոնների հիմնական մասը կուտակվում է աղբավայրերում և շրջակա միջավայրում:
Oգտագործված պոլիէթիլենային փաթեթներով և դրանց մնացորդներով աղտոտված է Հայաստանի Հանրապետության գետերի հիմնական մասը,հանգստավայրերին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Հանրապետությունում արտադրվող և ներկրվող պոլիէթիլենից փաթեթների ողջ քանակությունն ի վերջո հանգրվանում է բնության մեջ և նույնիսկ աղբավայրերում դրանք շարունակում են վնաս պատճառել շրջակա միջավայրին։ Արևի ազդեցությամբ և ինքնայրման հետևանքով արտազատում են դիօքսին և ֆուրան գազեր:
Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել են ազգային իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկ թափոնների կառավարման, մասնավորապես դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների (բնապահպանական հարկեր, վճարներ, նվազագույն գնի սահմանում և այլն) կիրառմամբ:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը