«Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են»,-տեղեկությունն այսօր հրապարակել է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ հերքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության նախօրեին տարածած լուրը, թե, իբր, Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք։
Արցախի ռազմական գերատեսչությունը հատկանշական է համարում հանգամանքը, որ «Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, «պատահականորեն» համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ»:
«Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունի բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իր տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առայսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ»,-ընդգծում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Նշենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը փետրվարի 20-ին ժամանել էին Երևան։ Նրանք հանդիպումներ ունեցան ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը:
Արտգործնախարարության փոխանցմամբ՝ համանախագահներին, մասնավորապես, հետաքրքրել է հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություների իրականացումը:
Հայաստան այցից հետո համանախագահները մեկնել են Բաքու։