Ամենակարևորը՝ կինոմթնոլորտ ստեղծելը և կինեմատոգրաֆիստների իրավունքները պաշտպանելն է․ Հարություն Խաչատրյան - RadioVan.fm

Онлайн

Ամենակարևորը՝ կինոմթնոլորտ ստեղծելը և կինեմատոգրաֆիստների իրավունքները պաշտպանելն է․ Հարություն Խաչատրյան

2019-02-20 18:57 , Культура, Шоу бизнес, 1298

Ամենակարևորը՝ կինոմթնոլորտ ստեղծելը և կինեմատոգրաֆիստների իրավունքները պաշտպանելն է․ Հարություն Խաչատրյան

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը հայկական կինոյի զարգացման գործում կարևորում է միջազգային չափանիշներին համապատասխան կինոյի մասին օրենքի ստեղծումը, ոլորտի համակարգման հարցում մեծ նշանակություն է տալիս գիլդիաների գործունեությանը: Այս և այլ հարցերի շուրջ Խաչատրյանը խոսեց փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:

Նա ասաց, որ Կինոյի մասին նախկին օրենքը, որը կյանքի չկոչվեց, մեծ առավելություններ էր տալիս օտարերկրյա ներդրողներին, ոչ թե տեղի ֆիլմարտադրողներին, այնինչ պետք է հավասար պայմաններ ստեղծել բոլորի համար:

««Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ներկայացուցիչները, անհատներ Եվրամիության պատվերով սկսել են զբաղվել Կինոյի մասին օրենքով, որը պետք է քննարկվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Կինեմատոգրաֆիստների միության, Մշակույթի նախարարության հետ: Օրենքը պետք է կապ չունենա նախարարության այսօրվա քաղաքականության հետ, կախված չլինի կինոկենտրոնի այսօրվա ցանկությունների հետ: Այն պետք է լինի անկախ», - ընդգծեց Խաչատրյանը և հավելեց, որ մինչև տարեվերջ այդ օրենքը պետք է ներկայացվի խորհրդարանին, նախարարությանը, կառավարությանը, որպեսզի քննարկումներից հետո օրենքն ընդունվի և օգնի կինոքաղաքականության զարգացմանը:

Անդրադառնալով տարվա ընթացքում միության կատարած աշխատանքին` Խաչատրյանն ասաց, որ իրենք այժմ ֆինանսապես են օգնում կինոգործիչներին:

«Ամենակարևորը՝ կինոմթնոլորտ ստեղծելը և կինեմատոգրաֆիստների իրավունքները պաշտպանելն է: Այդ նպատակով կան գիլդիաներ ամեն մասնագիտության համար: Այդպես փորձել ենք դուրս հանել տարբեր մասնագիտությունների դժվարությունները և լուծել դրանք: Հատկապես օպերատորները, սցենարիստները, կինոգետները շատ հետաքրքրված են գիլդիաներով, որոնք պետք է ֆինանսապես, իրավաբանորեն և ֆիզիկապես պաշտպանեն կինոարտադրողների իրավունքները»,-ընդգծեց միության նախագահը:

Նա շեշտեց, որ պետք է լինի համապարփակ մի պայմանագիր, որ գիլդիաները կարողանան միմյանց հետ աշխատել այնպես, որ պրոդյուսերը չշահագործի ռեժիսորին, ռեժիսորը` օպերատորին, օպերատորներն իրենց օգնականներին, բոլորը՝ դերասաններին:

Հարություն Խաչատրյանը, չմոռացավ նաև Հայաստանի ազգային Սինեմաթեքի ստեղծման մասին, որի առաքելությունը պետք է լինի սինեմաթեքների միջազգային ցանցի հետ գործակցությամբ շուրջ հարյուրամյա հայկական կինոժառանգության պահպանումը և տարածումը, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների և տեխնոլոգիական լուծումների շնորհիվ հայկական դասական և ժամանակակից կինոյի հանրայնացումը, ստեղծարար կինոկրթության զարգացման միջոցով պատանիների և երիտասարդների այլընտրանքային ժամանակակից կինոկրթության կազմակերպումը և այլն:

Սինեմաթեքի ստեղծման նպատակով անցյալ տարի կինոմիությունը դիմել է Հայաստանի կառավարությանը: «Հասցրել ենք շինարարական աշխատանքներ իրականացնել այն տարածքում, որը նախատեսված է Սինեմաթեքի համար: Սակայն դեռ անհրաժեշտ է 480 մլն դրամ գումար:

Գումարի չափը հաշվարկել են շինարարները: Շինարարական ընկերությունների միջև մրցույթ ենք անցկացրել, արել ենք նախագիծը, Քաղաքաշինության կոմիտեի հետ բյուջեն հաշվել ու ներկայացրել կառավարություն», - նշեց նա:

Հարություն Խաչատրյանն ասաց, որ առաջիկայում միությունը նախատեսում է գիլդիաների մրցանակաբաշխություն անցկացնել, հուշագիր ստորագրել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ, որ ուսանողները կարողանան կինոմիության դահլիճներում անվճար ցուցադրել իրենց ֆիլմերը:

Лента

Рекомендуем посмотреть