Արցախը վերածնվել է այսօր - RadioVan.fm

Онлайн

Արցախը վերածնվել է այսօր

2019-02-20 12:27 , Общество, 1126

Արցախը վերածնվել է այսօր

Արցախի վերածննդի օրն է այսօր։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը՝ ընդգծելով, որ Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի վերածննդի օրվա առթիվ: 1988-ի փետրվարի 20-ը մեր ժողովրդի համար պատմական օր էր, որը դարձավ տասնամյակներ շարունակ կուտակված դժգոհությունների ու բողոքի պոռթկումը, անարդարության, ճնշումների ու բռնությունների դեմ երկար տարիներ խմորվող պայքարի կիզակետը: Այդպես շարունակվել այլևս չէր կարող: Արցախցին դուրս եկավ հրապարակ՝ հանուն սեփական իրավունքների պաշտպանության, հանուն սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հանուն սեփական հողում ազատ ապրելու և հայ մնալու: Հետագա զարգացումներն ապացուցեցին, որ մեր ընտրած ուղին ճիշտ էր: Բաքվի ու Սումգայիթի հայ բնակչության կոտորածները վերջնականապես ցույց տվեցին բռնատիրական Ադրբեջանի իրական դեմքն ու նպատակները, բացահայտեցին արցախահայությանը բնաջնջելու նրա հրեշավոր ծրագրերը: Հայ ժողովուրդը միավորվեց, մեկ մարդու պես զենք վերցրեց և մեզ պարտադրված պատերազմում պաշտպանեց իր հողն ու պատմությունը, իր հավատքն ու արժանապատվությունը՝ կանխելով երկրորդ Ցեղասպանությունը և կերտելով փառավոր հաղթանակներ:

Սիրելի՛ հայրենակիցմներ,

Արցախի վերածնունդը համայն հայության ամենանշանակալի հաղթանակներից է:

Դա համազգային կամքի ու ոգու, ուժի ու միասնականության հաղթանակն է, հայրենիքին անսահման նվիրվածության և սեփական ուժերի հանդեպ հավատի հաղթանակը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս հիշարժան տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Հավե՜րժ փառք նրանց, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ հանուն մեր ժողովրդի նվիրական իղձերի ու նպատակների, հանուն վեհ գաղափարների իրականացման»,-ուղերձում ասել է Արցախի Հնարապետության նախագահը:

Հիշեցնենք՝ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրվեց, որում ընդունվեց որոշում՝ դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին` ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով։

Лента

Рекомендуем посмотреть