ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանությունից 15 տարի անց փաստաբան Նազելի Վարդանյանը չի դադարում կրկնել՝ հայ սպայի սպանությունը Ադրբեջանի պետական պատվերն էր և այդ մասին չպետք է դադարել բարձրաձայնել։
Փաստաբանի խոսքով ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջան կատարվել է ոչ միայն միջազգային իրավունքի նորմերի, այլ նաև՝ Ադրբեջանի օրենսդրության խախտմամբ։
Այդ հիմքերով փաստաբանը 2013-ին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) և վճռի հրապարակումն ակնկալում է այս տարի։
Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի ռեպորտաժում
Հավելենք, որ 2017-ին հունգարական հետաքննական լրագրողական կազմակերպության «Ադրբեջանի լվացքատուն» անվանումը ստացած հետաքննությունը լույս սփռեց տարիներ շարունակ շրջանառվող այն լուրերի վրա, ըստ որոնց Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն իրականացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի միջև գործարքի շնորհիվ:
Հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ 2012 թվականին, Սաֆարովի արտահանձնման տարեթվին՝ ավելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցվել հունգարական MKB բանկում բացված հաշվին: