Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է․ լավագույն նվերը՝ գիրքը - RadioVan.fm

Онлайн

Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է․ լավագույն նվերը՝ գիրքը

2019-02-19 16:06 , Культура, Шоу бизнес, 1970

Հովհաննես Թումանյանի 150-ամյակն է․ լավագույն նվերը՝ գիրքը

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է՝ 150-ամյակը:

Գրողների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ օրը 2008 թվականից նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»։

Գրական-հասարակական գործչի, բանաստեղծ ու արձակագիր Թումանյանի 150-ամյակը ազդարարվել է հոբելյանական միջոցառումներով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում, որտեղ ևս նա ապրել ու ստեղծագործել է։

Միջոցառումների կիզակետը լինելու է Թումանյանի ծննդավայր Դսեղը, որտեղ մեծարանքի միջոցառումներին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

2019-ի ամբողջ ընթացքում հրատարակվելու և ընթերցասերների դատին են հանձնվելու Ամենայն հայոց բանաստեղծի կյանքին ու գործունեությանն առնչվող գրքեր:

Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը տպագրության է նախապատրաստում թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանի «Հովհ. Թումանյանի գիտական կենսագրություն» և «Կանայք Թումանյանի կյանքում», Գառնիկ Շախկյանի «Թումանյանական հանրագիտարանը», Իրմա Սաֆրազբեկյանի կազմած «Թումանյանի ընտրանին» (հայերեն և ռուսերեն), «Թումանյանը՝ քննադատ» և այլ գրքեր:

Մեծ գրողի 150-ամյակին ընդառաջ հրատարակչության նախաձեռնությամբ լույս է տեսել «Թումանյանը աշխարհի երեխաներին» թարմ, գունեղ նկարազարդումներով գիրքը: Ընտրանին ընդգրկում է Թումանյանի միշտ արդիական մանկական բանաստեղծություններն ու բալլադները երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Գրքում ընդգրկված Թումանյանի սիրված բանաստեղծություններն ու բալլադները առաջին անգամ են թարգմանվել անգլերեն:

Հրատարակչությունից նշում են, որ Թումանյան մարդու և գրողի կյանքի բազում անհայտ էջեր հանրությանը ներկայացնելու համար բազմակողմանիորեն համագործակցել են մեծ գրողի թոռնուհու՝ Իրմա Սաֆրազբեկյանի հետ: Նրա տրամադրած մի շարք անտիպ նամակների, հոդվածների շնորհիվ հրատարակչությունը տպագրել և հայ գրքասեր հանրությանն է ներկայացրել Հովհաննես Թումանյանի գրական ժառանգությունը` մոտ 35 անուն գիրք, այդ թվում՝ «Թումանյանը ժամանակակիցների հուշերում», «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» , «Թումանյանի ընտանիքի նամականին», «Օլգա Թումանյան», Թումանյանի հեքիաթները, քառյակները, փոխադրությունները, պատմվածքները, բալլադները, պոեմները և այլն:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:

Ամենայն հայոց բանաստեղծը մահացել է 1923 թվականի մարտի 23-ին Մոսկվայում։ Նրա աճյունն ամփոփված է Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում, սիրտը՝ Դսեղ գյուղում է։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть