Ոչ բնակելի տարածքների՝ հասարակական և արտադրական շենքերի աղբահանությանդիմաց տնտեսվարողներն այսուհետ կվճարեն ըստ շինության ընդհանուր մակերեսի։ Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ հունվարից ուժի մեջ է մտել «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքում դեռևս 2018թ. մայիսին կատարված փոփոխությունը։
Մասնավորապես, եթե նախկինում նույն շինության տարածքում գործում էին առևտրային տաղավարներ, սրճարաններ, գրասենյակներ, և յուրաքանչյուրն իր գործունեության տեսակից ելնելով, վճարում էր աղբահանության սահմանված առանձին՝ տարբեր վճարներ, ապա այժմ միասնական մոտեցում է ցուցաբերվում. նույն տարածքում մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն իրականացնողների համար աղբահանության վճարը հաշվարկվում է այդ գործունեության համար սահմանված առավել բարձր դրույքաչափով:
Քաղաքապետարանից նշում են, որ Երևանի ավագանու դեկտեմբերի որոշմամբ առևտրային կենտրոնների, այդ թվում շուկաների, հանրային սննդի կետերի աղբահանության վճարը 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով սահմանվել է 70, հյուրանոցների համար՝ 30, արտադրամասերի համար՝ 8 դրամ:
Հունվարից Երևանի քաղաքապետարանը սկսել է աղբահանության վճարների վերահաշվարկը: Որպես օրինակ դիտարկվել են 80 խոշոր առևտրային կենտրոններ: Միայն այս 80 դեպքով պարզվել է, որ գանձման ենթակա գումարների չափն ավելանալու է տարեկան 150-160 մլն դրամով:
Աղբահանության վճարների փոփոխության մասին այս օրերին տնտեսվարողներին ծանուցումներ են ուղարկվում։
Քաղաքային իշխանությունը գիտակցում է՝ գործընթացը մեկ օրում կյանքի կոչել հնարավոր չէ, բայց նաև հուսով է, որ տնտեսվարողներն ինքնուրույն կերպով կգան օրենսդրական դաշտ: