Ուրարտական բացառիկ հուշարձանը ողողված է շինաղբով - RadioVan.fm

Онлайн

Ուրարտական բացառիկ հուշարձանը ողողված է շինաղբով

2019-02-18 14:41 , Общество, 1130

Ուրարտական բացառիկ հուշարձանը ողողված է շինաղբով

«Կարմիր բլուրի ուրարտական բացառիկ հուշարձանի մի զգալի հատվածը շարունակում է մնալ շինաղբի կույտերի մեջ։ Շինաղբով տարիներ շարունակ ապօրինի ծածկել են ուրարտական բացառիկ կառույցներ և հնավայրի դամբարանադաշտի մի հատվածը»,-բարձրաձայնում են խնդրով մտահոգ քաղաքացիները, ովքեր համախմբվել են «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնության շուրջ։

Նախաձեռնության անդամներն ընդգծում են՝ Կարմիր բլուրն ունի յուրաքանչյուրի աջակցության կարիքը:

«Մենք շատ հաճախ խոսում ենք և քննարկում ենք Ուրարտուի մասին: Ուրարտացիների հայեր են, թե՝ ոչ: Ու՞մ է պատկանում ուրարտական ժառանգությունը: Իհարկե, մենք միանշանակ կարծում ենք, որ հայ ազգը միակն է, ով կարող է համարվել ուրարտական տերության ժառանգորդն ու իրավահաջորդը: Սակայն, մյուս կողմից, Ուրարտուն նրանն է, ով լավագույնս պահպանում մեզ հասած ուրարտական հուշարձանները, հոգ տանում դրանց մասին, ստեղծում ուրարտագիտական դպրոց, ինչպես նաև ամենից լավ ներկայացնում և հանրահռչակում ուրարտական ժառանգությունը:

Կարմիր բլուրը համարվում է տարածաշրջանի ամենահայտնի հուշարձաններից մեկը: Պատահական չէ, որ ռուսական «100 великих археологических открытий» գիտահանրամատչելի գրքում Հայաստանից ներկայացված է միայն Կարմիր բլուրը: Խորհրդային տարիներին Կարմիր բլուրը հայտնի զբոսաշրջային կենտրոն էր: Սակայն Հայաստանի անկախության առաջին տարիներին՝ տնտեսական ճգնաժամի ժամանակ, Կարմիր բլուրը սկսեց լքվել և անտեսվել: Հատվեցին հուշարձանի տարածքում գտնվող ծառերը, իսկ այնուհետև հնավայրը պարբերերաբար սկսեց լցվել շինարարական աղբով: 2005 թվականին փլվեց նաև Կարմիր բլուրի փոքրիկ թանգարանի տանիքի մի հատվածը, ինչի հետևանքով թանգարանում ցուցադրվող գրեթե բոլոր իրերը տեղափոխվեցին Էրեբունի թանգարանի պահոցներ:

«Կարմիր բլուրը» արգելոց-թանգարանը համարվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի մասնաճյուղերից մեկը: Վերջին տարիներին արվել են զգալի աշխատանքներ, որոնք զգալիորեն նպաստել են հուշարձանի բարեկարգմանը և հանրահռչակմանը: Կարմիր բլուրի տարածքում ստեղծվել է պահակակետ, ինչի շնորհիվ հնարավոր է վերահսկել հուշարձանի զգալի մասը, դրվել է անցակետ, մի հատվածը պատվել մետաղե ցանցկեն ցանկապատով: Իրականացվել են բազմաթիվ բաց դասախոսություններ մայրաքաղաքի տարբեր դպրոցներում: Կարմիր բլուրի տարածքը վերջապես ազատվել է այնտեղ բնակություն հաստատած կովերից և ոչխարներից, արվել են տարածքի մաքրման և բարեկարգման մի շարք միջոցառումներ:

Սակայն, Կարմիր բլուրը հրապուրիչ զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ: Հուշարձանը պետք է ցանկապատվի, ունենա ենթակառուցվածքներ, թանգարան, պետք է ամրակայվի Կարմիր բլուր ամրոցի տակով անցնող թունելը, որը խիստ վտանգավոր է հուշարձանի համար, պետք է լուծել Կարմիր բլուր ամրոցի և մյուս կառույցների պահպանության և դրանց հանրահռչակման խնդիրը: Կարմիր բլուրը շինաղբից մաքրելու նախաձեռնությունը կարող է մեծապես նպաստել վերը թվարկված խնդիրների լուծմանը»,-գրված է նախաձեռնության ֆեյսբուքյան իր էջում։

Հիշեցնենք՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարեց Երևանի «Կարմիր բլուր»-ի տարածքում «մաքրություն իրականացնելու» նախաջեռնության մասին։ Սակայն, ինչպես փաստում են դրոնով կատարած նկարահանումները՝ տարածքը շարունակում է մնալ շինաղբի հսկայական կույտերի տակ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть