Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը» - RadioVan.fm

Онлайн

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

2019-02-14 15:43 , Наука, HiTech, 1005

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: Հայաստանը կլինի այս միջոցառումը Շամոնիից դուրս հյուրընկալող առաջին երկիրը։

Նախագահի լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»:

«Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Գագաթնաժողովի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունը առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը:

Թեմայի շուրջ զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ: Հայաստանում անցկացվող միջոցառման կարևոր առանձնահատկություններից մեկը ծրագրի հարուստ մշակութային մասն է, այդ թվում՝ այցելությունները Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու նպատակով:

Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից: Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը:

Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Лента

Рекомендуем посмотреть