«Երեւան ավտոբուս» ընկերության մի քանի վարորդներ այսօր առավոտյանհրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 9։00-ի դրությամբ, սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին:
«Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով: Բացի այդ, ընկերության հավաքակայանում շուրջ 70 չօգտագործվող ավտոբուսներ կան: Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչև մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը, միջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի»,-գրել է նա:
Բացի այդ՝ երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայնմանը զուգահեռ, «Երևան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլոգիական վերազինման և նոր աշխատակիցների ներգրավման առումով:
«Ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես, տնօրենի փոփոխությունը մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետևանքով կվատթարանան իրենց աշխատանքային պայմանները: Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլև հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի և վարձատրության մասով»,-նշված է Կարապետյանի գրառման մեջ: