«Աստղագիտության մեջ Հայաստանը մեծ երկիր է». Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արժանացած գիտնական - RadioVan.fm

Онлайн

«Աստղագիտության մեջ Հայաստանը մեծ երկիր է». Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արժանացած գիտնական

2019-02-13 18:01 , Общество, 1305

«Աստղագիտության մեջ Հայաստանը մեծ երկիր է». Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արժանացած գիտնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը, մրցանակ հանձնել Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին և ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լև Յունգելսոնին՝ «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների և գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձևավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» ուսումնասիրության համար:

Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակին արժանացած 79-ամյա պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելն ընդգծել է, որ հայազգի գիտնականի մասին առաջին անգամ լսել է 1960 թվականին, երբ դեռ ուսանող է եղել։

«Համբարձումյանի անունը լսեցի իմ դասախոսից, ովկարդում էր աստղերի կառուցվածքի ու էվոլուցիայի թեմայով դասախոսություն»,-մրցանակի հանձնման արարողության ժամանակ իր հիշողություններով կիսվել է պրոֆեսորը՝ ընդգծելով, որ իր համար մեծ պատիվ է լինել Հայաստանում և ստանալ աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի անունը կրող մրցանակը։

«Ինչպես և իմ հայրենիքը, Հայաստանը ևս փոքր երկիր է, սակայն աստղագիտության մեջ Հայաստանն ամենևին էլ փոքր երկիր չէ, Հայաստանը տվել է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականներ, որոնք աշխատում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Աստղագիտության մեջ Հայաստանը մեծ երկիր է»,-ասել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսորը։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր՝ 2 տարին մեկ անգամ. 2010-2016 թթ. ՀՀ կառավարության կողմից այն սահմանվել է 500.000 ԱՄՆ դոլար, 2018 թ. սկսած՝ 300.000 ԱՄՆ դոլար: Մրցանակը ներառում է դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգև և 100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալուն հաջորդող 2 տարում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть