ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Ըստ մեղադրանքների` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խ. Ա.-ն 2016 թվականի հունվարից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բաժանմունքի հաշվապահի հետ մշակել են բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա, որով բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե:Արդյունքում հաշվապահ Գ. Ա.-ն նշված գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժանմունքի աշխատակիցներին հասանելիք պարգևավճարները Խ. Ա.-ի ցուցումով յուրաքանչյուր ամիս փոխանցել է իր, Խ. Ա.-ի, ջոկի հրամանատար Ա. Ա.-ի, ինչպես նաև անզգուշությամբ հանցանքը կատարած բաժանմունքի և ռազմականացված ջոկատի մի շարք աշխատակիցների հաշվեհամարներին:
Խ. Ա.-ի հրահանգով ջոկի հրամանատար Ա. Ա.-ն, իսկ որոշ դեպքերում նաև Գ. Ա.-ն աշխատակիցներից ամեն ամիս պահանջել և ստացել են նրանց հաշվեհամարներին փոխանցված վերը նշված գումարները: Արդյունքում Խ. Ա.-ն և Գ. Ա.-ն նշված ժամանակահատվածում խմբով յուրացրել են իրենց վստահված ընդհանուր 53.992.463 ՀՀ դրամ, որից Խ. Ա.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձամբ յուրացրել է53.532.463 ՀՀ դրամ:
Բացի այդ, հաշվապահ Գ. Ա.-ն 2016 թվականի հունիսից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն եղանակով, առանց Խ. Ա.-ի և Ա. Ա.-ի գիտության, անձամբ յուրացրել է իրեն վստահված 15.294.780 ՀՀ դրամ գումարը:
Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար Խ. Ա.-ին և Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրանց օժանդակելու համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում Խ. Ա.-ի կողմից վերականգնվել է ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: