Թավշյա հեղափոխությունը մեր կյանքը մաքրեց կոռումպացված դեմքերից։ Սակայն, եթե Գևորգ Կոստանյանը դեռ տենչում է պաշտոնի, նշանակում է, ժանտախտի համաճարակը մինչ օրս վերացված չէ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը, ով վերջին շրջանում պարբերաբար բարձրաձայնում է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ նախկինում կատարած «վայրագությունների», «պաշտոնեական դիրքը ի չարս օգտագործելու» իրողություններին և իրեն ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից ապօրինաբար հեռացնելու մասին։
Նշենք՝ ըստ որոշ տեղեկությունների` նախկին գլխավոր դատախազ, հանրապետական նախկին պատգամավոր Գևորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: Անդրադառնալով լուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է, թե Կոստանյանի հարցով որևիցե քննարկման մասնակից չի եղել, բայց համարում է, որ Կոստանյանը դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
Արմեն Դանիելյանի գրառումն առանց փոփոխությունների՝ ստորև․
«Թավշյա հեղափոխությունը մեր կյանքը մաքրեց կոռումպացված դեմքերից։ Սակայն եթե գևորիկ կոստանյանը դեռ տենչում է պաշտոնի, նշանակում է ժանդախտի համաճարակն մինչ օրս վերացված չէ։
Հ.Գ. էդ ո՞ր օրվանից նախկին իշխանությունների փաստաբան գևորիկը դարձավ պրոֆեսիոնալ։ Երևի Բուդաղյանների և Ավետիսյանների քրեական գործերը սվաղելուց հետո՞։ Այդ "պրոֆեսիոնալի" գործերը այնպիսի ճաքեր են տվել, որ դրանք հնարավոր չէ ռեստավրացիայի ենթարկել։
Հ.Գ. Կենդանակերպի այս տեսակը կյանքի բոլոր փուլերում խաբել է ում հանդիպել է, անգամ դավաճանել ինքն իրեն... և իր տղամարդու խոսքը...
Նոր Հայաստանում նրա տեղը ոչ թե Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելն է, այլ Գորիսի քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի կարգավիճակը։ Այո', Գորիսի բանտում նա իրեն այլևս ԴՈՒԽՈՎ չի զգա, այլ կսարսափի Բուդաղյան ընտանիքից... քանզի հանուն պաշտոնի ու փառասիրության "պրոֆեսիոնալ" ձևով սեռական ոտնձգություն է կատարել այդ ընտանիքի սպանված զավակի քրեական գործի նկատմամբ...»։
Հիշեցնենք՝ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը իրեն շուրջ 5 տարի առաջ աշխատանքից ազատելու որոշումը ապօրինի է որակում և իր իրավունքների պաշտպանության և արդարության վերականգման պահանջով հանդես եկավ 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Արմեն Դանիելյանն ընդհուպ հանդես է եկել իրեն պաշտոնից ազատելու՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագիրը վարչական դատարանում վիճարկելու նախաձեռնությամբ։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը