Երկրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը դեռևս 11 մասնակից ունի, սակայն թիվը կարող է ավելանալ: Այս մասին տեղեկացրին ՀԱՕԿ-ից:
Մինսկում հանդես կգան սամբիստները (5 տղամարդ, 1 կին), մեկական հեծանվորդ, բռնցքամարտիկ, հրաձիգ և կանոե մրցաձևի երկու թիավարներ:
Մասնակցության ուղեգրեր ենք ակնկալում նաև ըմբշամարտ, մարմնամարզություն, ձյուդո, բադմինթոն և դարձյալ հրաձգություն ու հեծանվային սպորտ մարզաձևերի ներկայացուցիչներից:
Որոշ մարզաձևերում (սամբո, կանոե և այլն) ուղեգրերը անվանական չեն և խաղերի մասնակիցներին կորոշեն համապատասխան մարզչական խորհուրդները:
Եվրոպական երկրորդ խաղերը կանցկացվեն Բելառուսի մայրաքաղաք Մինսկում` հունիսի 21-30-ը: Խաղերին կմասնակցեն մոտ 4000 մարզիկ 50 երկրից: Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա Մինսկի օլիմպիական մարզադաշտում: