Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման աշխատանքները ժամկետների խախտումով կատարելու պատճառով «Վեոլիա ջուր» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) այսօրվա որոշմամբ տուգանվել է 10 000 000 դրամով։
Ընկերությունը պարզաբանել է, որ խախտման հիմնական պատճառը եղել է նոր համակարգերի կառուցման աշխատանքները երրորդ կողմի ֆինանսավորման ներդրումային ծրագրի շրջանակում իրականացումը, որի ընթացքում տրամադրվել են միայն միացման սխեմաներ, և կապալառու ընկերության կողմից աշխատանքների իրականացման ժամկետները։
Հանձնաժողովը նշել է, որ վերոնշյալ պատճառաբանության մասին փաստաթղթեր չեն ներկայացվել։
Նշենք, ՀԾԿՀ-ն «Վեոլիա ջուր» ընկերության վերաբերյալ վարույթը հարուցել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին։ Հարուցված վարչական վարույթի շրջանակում փաստվել է, որ ընկերությունը 2018-ի երրորդ եռամսյակի ընթացքում 154 դեպքում դիմող անձանց միացման պայմանագիր կամ տեխնիկական պայման, ինչպես նաև ծառայությունների մատուցման պայմանագիր է ներկայացրել սահմանված ժամկետի խախտմամբ։