Փետրվարի 1-17-ը Հնդկաստանի Սուրաջկունդ և հարակից Ֆարիդաբադ ու Հայրանա քաղաքներում ընթանում է արհեստների 33-րդ միջազգային փառատոնը, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած ժողովրդական արհեստագործներ և ժողովրդական կատարողական արվեստի խմբեր:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ փառատոնին ներկայացված է նաև Հայաստանը․ հայաստանյան տաղավարում հայկական տիկնիկագործությունը ներկայացնում է տիկնիկագործ վարպետ Ալլա Սարգսյանը: Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 150 միջին և փոքր չափի տիկնիկներ և զարդանախշ փոքր կարպետներ:
Նախարարությունից նշում են, որ Հնդկաստանի ժողովրդական արվեստի փառատոնին հայկական տիկնիկագործության ցուցադրության նպատակն է նպաստել ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը և ժողովրդական վարպետների ստեղծագործական գործունեության խթանմանը:
Հիշեցնենք՝ Երևանում 2017 թվականի գարնանը բացվեց Հայաստանում տիկնիկների առաջին թանգարանը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը