ՀՀ վարչապետի աշխատակազմը «Վեոլիա Ջուր» ընկերության հետ միասին մայրաքաղաքի ցայտաղբյուրների ջրի խնայման, ջրի կորուստը նվազեցնելու նպատակով պիլոտային ծրագիր կիրականացնի։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի տեղեկացմամբ՝ պիլոտային ծրագրում կընդգրկվի Երևանում գործող թվով հարյուր ցայտաղբյուր, որոնց վրա փականներ կտեղադրվեն։ Աղաջանյանի ներկայացրած տվյալներով՝ միայն ցայտաղբյուրների օգտագործման արդյունքում տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր (=4.3 միլիոն տոննա) խմելաջրի կորուստ է արձանագրվում։
Նշենք՝ տարբեր գնահատականներով մեր երկրում ջրի կորուստը կազմում է 70-80 տոկոս։ Հիմնական պատճառ՝ համարվում է ջրային ռեսուրսի սխալ կառավարումը։
Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նախորդ տարվա ամռանը հայտարարեց, թե իր պաշտոնավարման առաջին իսկ շաբաթվա ընթացքում իրենց մասնագետների ուժերով կատարած փոքրիկ ուսումնասիրության արդյունքում խոշոր ջրօգտագործողների մոտ հայտնաբերել են ջրագողության, ապօրինի ջրօգտագործման, օգտագործվող ջրի չհաշվառման բազմաթիվ դեպքեր։
«Եվ սա շարունակական բնույթ է կրել ու կրկնում եմ, հենց այս ամենի պատճառով է ջրի անհավանական կորուստ արձանագրվում՝ 80 տոկոս և ավելի չափով։ Այնինչ այդ երևույթները որևէ կերպ չպետք է ներառվեն կորուստների մեջ և հակառակ՝ վերացվեն օր առաջ։ Սա անընդունելի է, առավել ևս անընդունելի է այսօր խոսել ջրի նոր թանկացման մասին»,-մասնավորապես ասել էր տիկին Գաբայանը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը