ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի նկատմամբ չի իրականացվում բավարար վերահսկողություն։ Այդ մասին Կենտրոնում իրականացված մշտադիտարկման ընթացքում արձանագրված տվյալների ամփոփման արդյունքում բարձրաձայնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Այցի ընթացքում թեև խնամվողներն աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներ չեն ներկայացրել, ավելին, խնամվողների կողմից մատնանշվել է առանձին աշխատակիցների նկատմամբ դրական վերաբերմունք՝ պայմանավորված նրանց բարեխղճությամբ, այդուհանդերձ, Օմբուդսմենի աշխատակազմը մի շարք խնդիրներ է արձանագրել։
- օրենքով չնախատեսված զսպման և բժշկական ներգործության միջոցների օգտագործում (Առողջապահության նախարարի հրամանով չթույլատրված դեղորայքային խառնուրդ), ինչպես նաև այդ միջոցների կիրառման կարգի խախտումներ,
- հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված մեկուսացման միջոցի կիրառման կարգի խախտումներ, այդ թվում՝ խնամվողի արժանապատվությունը նվաստացնող եղանակով,
- հայտնաբերվել է ժամկետանց (վանիլին, բնական հյութ, մեղր, կոնֆետներ) և չմակնշված (պահածոներ), այդ թվում՝ այցի պահին պիտանելիության ժամկետը մեկ տարուց ավելի լրացած սննդամթերք, ինչպես նաև արձանագրվել են սննդամթերքի բազմատեսակության և սահմանված քանակից պակաս մատուցելու հետ կապված խնդիրներ,
- հայտնաբերվել են ժամկետանց դեղեր (այդ թվում՝ այնպիսի դեղորայք, որի պիտանելիության ժամկետն այցի պահին լրացած է եղել դեռ մեկուկես տարի առաջ) և բժշկական ժամկետանց պարագաներ,
- արձանագրվել են դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ,
- առկա են բժշկական թափոնների հավաքման և պահպանման կարգի խախտումներ,
- Կենտրոնի խնամվողներն ապահովված չեն ատամնաբուժական, այդ թվում՝ պրոթեզավորման պատշաճ ծառայություններով,
- կանխարգելիչ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ վարակիչ (թոքախտ) և ոչ վարակիչ (հիպերտոնիկ հիվանդություն, շաքարային դիաբետ և այլն) հիվանդությունների սկրինինգային հետազոտությունների կազմակերպման թերություններ: Օրինակ՝ ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն իրականացվում է խնամվողի գանգատի դեպքում՝ ըստ անհրաժեշտության, մինչդեռ դա պետք է իրականացնել պարբերական սկզբունքով ու կանխարգելիչ նպատակով,
- ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 1292-Ն որոշումն ամրագրում է հատուկ տիպի տուն-ինտերնատում առաջնային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում խնամվողների պարբերական բժշկական զննության պահանջ: Որոշումը նաև ամրագրում է, որ պետք է սահմանվի համապատասխան կարգ և պարբերականություն, սակայն նման կարգ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված չէ,
- Կենտրոնում արձանագրվել է գերբնակեցում: Գերբնակեցման հետևանքով խնամվողներն ապահովված չեն անձնական, այդ թվում՝ բնակելի տարածությամբ, ինչն ուղղակիորեն բացասաբար է ազդում նրանց մասնավոր կյանքի իրավունքի վրա,
- Կենտրոնն ունի կենցաղային, այդ թվում՝ սանիտարահիգիենիկ պայմանների, բարելավման և վերանորոգման անհրաժեշտություն (լոգարան, սանհանգույցներ, բնակելի սենյակներ և այլն),
- Կենտրոնի ոչ բոլոր մասնաշենքերն են հարմարեցված տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամվողների համար: Մասնավորապես, բացի անկողնային պացիենտներից, մնացած խնամվողները հաճախում են Կենտրոնի 2-րդ մասնաշենքի 2-րդ հարկում տեղակայված ճաշասրահ: Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող խնամվողները ճաշասրահի մասնաշենքին են մոտենում անվասայլակներով, ինչից հետո անվասայլակները թողնելով մասնաշենքի դիմաց ու դժվարությամբ քայլելով, միմյանցից բռնվելով, պատերին հենվելով՝ բարձրանում են ճաշասրահ: Թեև նրանց օգնում են աշխատակիցները, սակայն դա հաշմանդամություն ունեցող մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է,
- մշտադիտարկման ընթացքում արձանագրվել է, որ ցուրտ եղանակային պայմաններում (հիմնական մշտադիտարկումը կատարվել է դեկտեմբեր ամսին) առկա չէ շուրջօրյա պատշաճ ջեռուցում,
- Կենտրոնի բաժանմունքների սանհանգույցները հարմարեցված չեն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահանջմունքներին: Օրինակ՝ մի դեպքում սանհանգույցներից մեկում ասիական տիպի զուգարանը և զուգարանակոնքը պատով անջատված չեն և տեղադրված են իրար շատ մոտ, իսկ մյուս դեպքում զուգարանները տեղադրված են ընդհանուր հատակից մեկ աստիճան բարձրության վրա, որը լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել, օրինակ, հոգեմետ դեղեր ընդունող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժի և հավասարակշռության պահպանման համար,
- ապահովված չէ խնամվողների՝ հեռախոսակապից օգտվելու լիարժեք հնարավորություն,
- հատուկ հաստատություններում, այդ թվում՝ հոգեբուժական կազմակերպություններում, իսկ կոնկրետ դեպքում՝ Կենտրոնում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կարևոր բաղադրիչներից է աշխատակիցների սոցիալական երաշխիքների և աշխատանքային պայմանների բարելավման հարցը, որի անհրաժեշտությունը վերահաստատվել է նաև վերոնշյալ այցի ընթացքում,
- Կենտրոնի բուժանձնակազմը ոչ բավարար քանակի է,
աշխատակիցների համար նախատեսված չեն սոցիալական բավարար երաշխիքներ և այլն:
«Չնայած անձնային մակարդակում աշխատակիցների բարեխղճությանը՝ վերհանված խնդիրների և արձանագրված խախտումների գերակշիռ մասը, Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ, նախարարության ու Կենտրոնի վարչակազմի կողմից անուշադրության մատնելու կամ դրանց պատշաճ ուշադրություն չդարձնելու հետևանք է։ Արդյունքում, խախտվում են Կենտրոնում խնամվողների իրավունքները՝ հանգեցնելով նաև նրանց արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև չեն ապահովում աշխատանքի պատշաճ պայմաններ ու բավարար սոցիալական երաշխիքներ աշխատակիցների համար»,-նշում են ՄԻՊ աշխատակազմից՝ տեղեկացնելով, որ կազմված մեծածավալ փաստաթուղթը՝ անհրաժեշտ հիմնավորումներով, օբյեկտիվ բնույթի ապացույցներով (պատճենահանված փաստաթղթեր, լուսանկարներ և այլն) և քայլերի կոնկրետ առաջարկներով, կներկայացվեն Կենտրոնի տնօրինություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Գլխավոր դատախազություն: