Հայաստանում գրիպի Ա տեսակով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ առողջապահության նախարարության (ԱՆ) հաղորդմամբ՝ մահվան վերջնական պատճառը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
«Չնայած իրավիճակի կայունացմանը՝ հիվանդանոցներում առկա են նաև ծանր հիվանդներ, որոնց կլինիկական վիճակի վատացմանը նպաստում են բժշկական օգնության ուշ դիմելիությունը և ուղեկցող հիվանդությունները: Ցավոք, վերջին երկու օրվա ընթացքում մահվան դեպք է արձանագրվել: Վերջինիս մոտ հաստատվել է գրիպի Ա տեսակը»,-նշված է ԱՆ տարածած հաղորդագրությունում:
Առողջապահական գերատեսչությունից տեղեկացնում են, որ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը նվազել է՝ կազմելով 1275: Հոսպիտալացված է 781 հիվանդ, 92,8%-ը՝ երեխաներ են:
Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´քգրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,
- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- հագնվե´քև հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,
- պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով,
- 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ: