«Խնդիրը լուծված է. ՊԵԿ-ի հետ ճշտել ենք՝ կոկորդիլոսն ինչ կոդի տակ ներկրել՝ թռչնի, թե կենդանու»,-այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Արմոն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սարգսյանը՝ նշելով, որ ներկրվող ամեն ինչ կոդ ունի, բայց, քանի որ սա առաջին դեպքն է, երբ կոկորդիլոսի ձու պետք է ներկրվի, օրենսդրությունը թերի էր։
«Մենք չունենք մշակված օրենսդրություն՝ ինչ է դա՝ թռչո՞ւն, թե՞ կենդանի: Խնդրել էինք ՊԵԿ-ին ճշտել՝ ինչ կոդի տակ ներկրել: Եթե ձու է, ապա ներկրումը լինելու է թռչունի հետ կապված, եթե կենդանի կոկորդիլոս ենք ներկրում, ապա այն լինելու է կենդանու անվան տակ: Խնդիրը լուծված է»,-մանրամասնել է Սարգսյանը:
Օրերս Արարատի մարզպետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, որ կոկորդիլոս բուծելու իր ծրագիրը տեղից շարժվել է, սակայն ՊԵԿ-ի իրենց գործընկերները չեն կարողանում բնորոշումը տալ՝ կոկորդիլոսի ձուն թռչնի է, թե կենդանու:
Խաչատուր Սարգսյանի տեղեկացմամբ՝ կոկորդիլոսի մեկ ձվի արժեքը 400 դոլար է, դրանք նախատեսվում է ներկրել Տանզանիայից, Քենիայից, Զամբիայից, Ուգանդայից։
Բանախոսը նկատել է, որ սա զբոսաշրջիկներին գրավելու հրաշալի հնարավորություն կլինի։
«Ցավալի է, որ բոլորը խոսում են կոկորդիլոսների բուծարանից ու չեն խոսում մնացածի մասին: Այստեղ մենք ներդնելու ենք այն ենթակառուցվածքները, որոնք այսօր չկան Հայաստանում՝ երեխաների, շների համար խաղահրապարկներ, բացօթյա ֆիտնեսի համար հրապարակ, հեծանիվների համար ուղիներ, ալիքային լողավազան և այլն»,-մանրամասնել է Խաչատուր Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ հիմնելու են «Ապշանք» անունը կրող էկոայգի, որի 31 ենթակառուցվածքներից մեկն էլ կոկորդիլոսաբուծարանն է լինելու։ Բանախոսի փոխանցմամբ՝ այգու կառուցման աշխատանքները սկսվելու են մարտի 1-ից:
Հիշեցնենք՝ պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված մամլո ասուլիսում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց Արարատի մարզի Դաշտավան համայնքում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մասին։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը