ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է Արարատի մարզի դպրոցներից մեկում օրեր առաջ հոգևոր հովվի հետ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:
«Կա էդ գյուղում, թե տարածքում՝ տեր Դավիթ: Երբ որ ես այցելել եմ էդ դպրոց, էդ ընթացքում հոգևորական է էնտեղ եկել, հարցրել եմ տնօրենին, թե հոգևորականը դպրոցում ինչ գործառույթ ունի, նա ասել է, որ դասղեկական ժամերին նրան, սովորաբար, հրավիրում ենք»,-մանրամասնել է ԿԳ նախարարը՝ ընդգծելով, որ դա «մեծ խնդիր է»:
«Դասղեկական ժամերը նախատեսված են կազմակերպչական ծրագրեր իրականացնելու համար և ոչ թե հոգևոր քարոզ իրականացնելու համար»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ քահանային ասել է, որ դպրոցը աշխարհիկ կառույց է, և իրենց հանդիպումը ավարտվել է ձեռքսեղմումով։
Նախարարը դիմելով լրագրողներին՝ նկատել է․«Կարող եք, առհասարակ, տեղեկություններ հավաքել էդ քահանայի մասին, պարզեք, թե ինչ տեսակ մարդ է»։
Արայիկ Հարությունյանը միաժամանակ տեղեկացրել է, որ նախատեսում է հավաքել և դիտարկել այս միջադեպի մասին հրապարակումները. «Եվ եթե դրանց մեջ զրպարտություն կա (իսկ դրանց մեջ զրպարտություն կա), մեղավորները պիտի պատասխանատվություն կրեն»:
Իսկ դիտարկմանը, թե ոմանք ակնկալում են, որ նախարարը ներողություն պետք է խնդրի քահանայից` Հարությունյանն արձագանքել է. «Էդ միջադեպի հետ կապ չունեցող քահանաները պիտի ներողություն խնդրեն»:
Հիշեցնենք, օրեր առաջ Բյուրավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը բարձաձայնել էր կրթության նախարար Արայիկ Հարությունյանի՝ «դպրոցում քահանայի հետ ունեցած միջադեպի» մասին, նշելով, որ Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոց այցելած նախարարը «անկիրթ վերաբերմունք է ցույց տվել պատահաբար դպրոց այցելած քահանայի նկատմամբ ասելով՝ դու այստեղ ինչ ես անում, և օրենքների բանավեճ սկսել հոգևորականի հետ»:
Նախարարը երեկ լրագրողներին ասել էր, որ երեկոյան «լայվ կանի, կպարզաբանի» հարցը, ինչը տեղի չունեցավ։
Ի դեպ՝ ինչպես տեղեկանում ենք ՇՊՀ-ի ֆեյսբուքյան էջից՝ դասղեկի ժամին քահանայի այցը դպրոցականների համար սպասված է։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը