«ԱՄՆ-ում գործող հայկական երկու կրթօջախների՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանների վրա թուրքական դրոշներ փակցնելու երևույթը մեծ վրդովմունք է առաջացնում, քանի որ մեր օրերում ատելության նման դրսևորումներն ուղղակի անընդունելի և անհասկանալի են քաղաքակիրթ աշխարհի կողմից»,-այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ խստորեն դատապարտելով այդ արարքը։
Կրթական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ առաջիկայում իրավապահ մարմինները լրջորեն կզբաղվեն միջադեպի ամբողջական բացահայտմամբ և կբացառեն նման երևույթների կրկնությունն ապագայում։
«Ես ուրախ ու հպարտ եմ, որ Հայաստանից այդքան հեռու գործում են կրթական այնպիսի օջախներ, ինչպիսիք են՝ Ս․ Նահատակաց Ֆերահեան երկրորդական և ՀԲԸՄ Մանուկեան-Տեմիրճեան վարժարանները։ Վստահ եմ, որ նման մանր արարքները ոչ միայն չեն տխրեցնելու, այլև լրացուցիչ խթան են դառնալու ավելի մեծ եռանդով առաջ գնալու համար։ Մենք ձեզ հետ ենք»,-նշել է նախարարն իր հայտարարությունում։
Հիշեցնենք՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ում գործող հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել: Տեղի ոստիկանությունը հետաքննում է միջադեպերը, որոնք առաջացրել են Լոս Անջելեսի հայկական համայնքի անհանգստությունը և վրդովմունքը: Շատերը հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշը կախելը որակում են որպես ատելության գործողություն, որը միտված է հայկական համայնքի շրջանում վախ սերմանելուն և Հայոց ցեղասպանության վարկաբեկմանը:
Լոս Անջելեսի ոստիկանությունը ուսումնասիրում է տեսաձայնագրությունները և պլանավորում է ուժեղացնել հսկողությունը դպրոցների շրջակայքում: