Լուծարվում է «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը։ Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստում։
««Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին իրատեսական չէ»,-նշված է կառավարության որոշման հիմնավորման մեջ:
Հիշեցվում է, որ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման:
Կառավարության այդ որոշման հետևանքով «Շիրակի հանրային հեռուստառադիոյի» մոտ 60 աշխատակից կհամալրի գործազուրկների շարքերը։