«Այո, մենք ուզում ենք, որ շոու-բիզնեսը հարկվի»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը՝ չհերքելով, որ ՊԵԿ աշխատակիցները այցելում են ռեստորանային համալիրներ և կազմակերպություններ ու հորդորում սեփականատերերին, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներին սահմանված կարգով աշխատավարձ ձևակերպեն։
«Ընթացիկ վերահսկողական մեխանիզմներ իրականացնում են մեր աշխատակիցները,այդ թվում նաև այցելում են ռեստորանային համալիրներ և կազմակերպություններ և հորդորում, որ հավաքույթների դեպքում սահմանված կարգով ձևակերպեն այդ մարդկանց աշխատանքը։ Դրանք զուտ հորդորի տեսքով են լինում»,-ասել է Դավիթ Անանյանը:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ իրենք ցանկանում են, և շոու բիզնեսից էլ են նման ազդակներ ստանում։
«Այո՛, իրենք էլ դեմ չեն, որ դա լինի։ Կարծում եմ՝ մոտակա ժամանակներում պետք է որոշակի քննարկումներ ունենանք և իրենց ուղղորդենք այն ճիշտ ճանապարհը, որ իրենք պետք է իրականացնեին դեռևս տարիներ առաջ։ Պետք է հանրային քննարկում ու փոխադարձ համաձայնություն ձեռք բերենք։ Մենք շոու բիզնեսին մատնանշեցինք զուտ այն պատճառով, որ հարկերի հավաքագրման առումով մշակույթի գործիչները մեզ աջակցեն»,-հավելել է ՊԵԿ նախագահը՝ տեղեկացնելով, որ հարկումը չի տարածվում բարեգործական համերգների վրա։
Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջին Պետական եկամուտների կոմիտեն հանդես եկավ սեփական եկամուտները ինքնահայտարարագրելու և հարկերը վճարելու՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնողներին ուղղված կոչով։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը