Երեկ Դավոսում կայացած Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպումը բանակցային գործընթացի հանգրվան չէր։ Այդ մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկվա մեկուկես ժամ ընթացած հանդիպմանը։
Խոսելով քննարկման բովանդակության մասին՝ Փաշինյանն ասաց, որ այն եղել է բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ։
«Իհարկե, քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան։ Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել։ Քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,-մասնավորապես նշեց ՀՀ վարչապետը։
Ի դեպ, Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություններն այնպիսին են, որ եթե մի տեղում են գտնվում՝ չխուսափեն հանդիպումից։
Այդ տրամաբանությամբ էլ, երբ Դավոսի կազմակեպիչները հարցրել են` արդյոք դեմ չեն հանդիպմանը, իրենք պատասխանել են, որ` ոչ, և նշյալ՝ Փաշինյան-Ալիև թվով երրորդ ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է։
Հիշեցնենք` երեկ Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Շվեյցարիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների մասին»,-հանդիպումն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում այսպես էր մեկնաբանել Նիկոլ Փաշինյանը։