ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր կրկին կկալանավորվի․ Վերաքննիչ դատարանն այսօր հրապարակել է Մանվել Գրիգորյանի գործով որոշումը՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքը։
«Որոշումը օրինական ու հիմնավոր էր»,-նիստերի դահլիճից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։
Հիշեցնենք՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 2018-ի դեկտեմբերի 21-ին բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը` որոշում կայացնելով 25 մլն դրամ գրավի դիմաց փոխել ավելի քան 6 ամիս կալանքի տակ գտնված նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը:
Նույն օրը կեսգիշերին ընդդեմ այդ որոշման Էջմիածնում մեկնարկեցին բողոքի ակցիաներ, որն այնուհետ տեղափոխվեց Երևան։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դատախազության շենքի առջև ցուցարաների հետ զրույցում հայտարարեց, որ պատրաստ են գրավի դիմաց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշումը բողոքարկել Վերաքննիչ դատարան:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը