Այս տարվանից զինծառայողների ճաշացանկանում 4 մթերք կավելացվի՝ մեղր, սխտոր, լավաշ և ճարպ (սալ),-այդ մասին այսօր՝ ԶՈՒ կենտրոնական պարենային և իրային բազաներ լրագրողների համար կազմակերպված այցի ժամանակ հայտնել է ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետ, գնդապետ Արամ Մարգարյանը։
Նրա տեղեկացմամբ՝ զինծառայողներին հատկացումները կսկսվեն մրցութային գործընթացից հետո։
«Մասնավորապես, ձմեռային ժամանակահատվածում պլանավորված է զինծառայողներին հատկացնել բնական մեղր, քանի որ այն ունի շատ առողջարար հատկություններ։ Նույն ձմեռային ժամանակահատվածում պլանավորված է ավելացնել սալ՝ ճարպ, սխտոր, որը նույնպես ամրացնում է իմունային համակարգը։ 2019թ.-ի մայիսից էլ բոլոր զինծառայողներին հասանելիք հացի 40 տոկոսի չափով կհատկացվի լավաշ»,-լրագրողների հետ զրույցում մանրամասնել է Արամ Մարգարյանը։
Ընթացիկ տարում նախատեսվում է նաև մարտական հերթապահության ընթացքում զինծառայողներին հատկացնել պահածոյացված կարտոֆիլ, որը, ըստ ցանկության, կարող է օգտագործվել թե՛ տապակայի տեսքով, թե՛ խյուսի՝ պյուրեի տեսքով։
«2019թ.-ից նաև կսկսվի 7 տեսակի արագ պատրաստվող ապուրների մատակարարման գործընթացը, ինչը հնարավորություն կտա անմիջապես մարտական հենակետերում տաքացնել ու ուտել դրանք։ Այս ուտեստներից 6-ը տարբեր տեսակի ձավարեղեն է, 7-րդը՝ պատրաստի բորշ»,-տեղեկացրել է ԶՈւ Թիկունքի վարչության պարենային ծառայության պետը՝ հիշեցնելով, որ նախորդ տարվանից մարտական հերթապահություն իրականացնողների սննդակարգում ավելացվել է պատրաստի թանապուր, իսկ զորամասային ճաշարաններին հատկացվել է մածուն։
Լուսանկարը՝ Sputnik-ի