Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի այսօր՝ ժամը 17:30-ին:
Հիշեցնենք, որ դատարանը քննել է երկու միջնորդություն՝ Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ներկայացված՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ և Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված՝ կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ:
Նշենք նաև, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է:
Միջնորդության մերժումը պատճառաբանվել է նրանով, որ մեղադրանքն առաջադրվել է օրենքով սահմանված կարգով ձեռքբերված բավարար ապացույցների հիման վրա և առկա չեն քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ:
Պաշտպանական կողմի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով՝ ապօրինի է: