103 տարեկան Բավական տատն այսօր պատգամավորական մանդատ է հանձնել - RadioVan.fm

Онлайн

103 տարեկան Բավական տատն այսօր պատգամավորական մանդատ է հանձնել

2019-01-10 18:44 , Политика, 1478

103 տարեկան Բավական տատն այսօր պատգամավորական մանդատ է հանձնել

Այսօր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում կայացել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Այն այս տարի տարբերվել է նախորդներից ոչ միայն արարողության անցկացման վայրի առումով, 2017-ին, օրինակ, արարողությունը կայացել է Կառավարությունների ընդունելության տանը, այլև՝ մանդատների հանձնման առաքելության՝ լիազորված անձի առումով։ Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորներին առաջին անգամ մանդատները հանձնել է ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ հանձնել են ընտրողները:

Ընտրություններին մասնակցած քաղաքացիների միջև տեղի ունեցած վիճակահանության արդյունքներով ընտրվել են 28 քաղաքացիներ, ովքեր և ընտրողների անունից մանդատները տրամադրել են ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին:

Ընտրվածների թվում է եղել նաև քվեարկության ամենատարեց մասնակից 103 տարեկան Բավական Փիլոյանը՝ Լոռու մարզի Սարահարթ համայնքից, ում կողմից պատգամավորական առաջին մանդատի հանձնմանն արժանացել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը:

Նորընտիր խորհրդարանականներին մանդատներ են հանձնել նաև ամենաերիտասարդ ընտրողները, որոնց 18 տարեկանը լրացել է ընտրության օրը:

«Նման խորհրդանշական եղանակով մանդատների տրամադրմամբ ԿԸՀ-ն ցանկացել է լրացուցիչ անգամ ընդգծել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ուղղակի իրավունքի ինստիտուտի բովանդակությունը»,-իր ելույթի խոսքում պարզաբանել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։

«Իմ քայլի» չորս մանդատը ստացել են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչներ։

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть