Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներմուծած նոր գործիքը ավտոմեքենա ներկրողներին հնարավորություն է տալիս առցանց համակարգով պարզել մաքսազերծման կողմնորոշիչ գինը:
«Դրա միջոցով ցանկացած անձ կարող է իր կողմից ներմուծվելիք մեքենային վերաբերող տեղեկատվությունը մուտքագրելով՝ ստանալ կողմնորոշիչ գին: Մենք ակնկալում ենք, որ այն «ինվոյսները», որոնցով ներկրվելու են մեքենաները, պետք է կողմնորոշիչ գնին համահունչ լինեն կամ հավասար: Եթե բերելու են կասկածելի «ինվոյսներով» մեքենաներ, պետք է հաշվիչով գան ու մաքսազերծումն իրականացնեն: Եթե կողմնորոշիչ գնից շեղում կա, մենք «ինվոյսը» վերցնում ենք ու ուսումնասիրում»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ շեշտելով, որ նորամուծությունն արվել է նրա համար, որպեսզի մարդիկ հեռու մնան «ինվոյսների» կեղծումից:
«Կան կազմակերպություններ, որոնցով զբաղվում ենք, որոնք «օգնում են» քաղաքացիներին կեղծել «ինվոյսները»։ Կեղծիքները պարզելու ենք տարբեր գործիքներով, այդ թվում՝ տարբեր պետություններ հարցումներ կատարելու միջոցով»,-հավելել է ՊԵԿ նախագահը:
Վթարված մեքենայի արժեքն էլ այսուհետև որոշելու է փորձագետը, որը տալու է եզրակացություն, ինչի հիման վրա էլորոշվելու է գինը։
«Նախկինում վթարված մեքենայի գինը 1-30 տոկոս նվազում էր: Կարծում ենք, որ փորձագետի ներգրավումը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը»,-ասել է Դավիթ Անանյանը։