Մոսկվայում ձևավորվեց Փաշինյանի՝ անհարմար գործընկերոջ կերպար, որից կարելի է ամեն ինչ սպասել․ «Կոմերսանտ» - RadioVan.fm

Онлайн

Մոսկվայում ձևավորվեց Փաշինյանի՝ անհարմար գործընկերոջ կերպար, որից կարելի է ամեն ինչ սպասել․ «Կոմերսանտ»

2019-01-09 18:57 , Политика, 1712

Մոսկվայում ձևավորվեց Փաշինյանի՝ անհարմար գործընկերոջ կերպար, որից կարելի է ամեն ինչ սպասել․ «Կոմերսանտ»

«Մայիսին Նիկոլ Փաշինյանը վարչապետի աթոռը վերցրեց Սերժ Սարգսյանից՝ զբաղեցնելով նրա տեղը։ Քաղաքական գործչի՝ նախկինում Հայաստանի սահմաններից դուրս գրեթե անհայտ, դաշնակիցը դարձավ փողոցը, որի աջակցությամբ պարոն Փաշինյանը հասավ Երևանի քաղաքապետի պաշտոնում իր մարդու ընտրությանը, իսկ այնուհետ՝ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝«Իմ Քայլը» դաշինքով հեշտությամբ հսկայական տարբերությամբ հաղթելով բոլոր մրցակիցներին»,-այդ մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը` «Ինչպես պետք է 2019-ին Ռուսաստանը կառուցի իր հարաբերությունները հարևանների հետ» վերնագրով հոդվածում։

Պարբերականը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված «թավշյա հեղափոխությունը» ստիպեց ողջ աշխարհին քարտեզի վրա փնտրել այդ երկիրը ու պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում»:

«Իշխանության անարյուն փոփոխությունը բարձր գնահատեց Արևմուտքը։ Ամերիկյան «Time» ամսագիրը Նիկոլ Փաշինյանին շնորհեց «ժողովրդավարության խաչակիր» կոչումը, իսկ բրիտանական «The Economist»-ը Հայաստանը ճանաչեց տարվա երկիր՝ կրկին ժողովրդավարական առաջընթացի համար»,-գրում է «Կոմերսանտ»-ը՝ շեշտելով, որ Ռուսաստանի համար ևս Նիկոլ Փաշինյանը դարձավ 2018թ.-ի գլխավոր քաղաքական գործիչներից մեկը, թեկուզ առանց կոչումների։

«Իհարկե, ժողովրդավարությունն այստեղ կապ չունի։ Ռուսական իշխանությունները զգուշորեն հետևում էին հայկական հեղափոխությանն ու նրա առաջնորդին։ Եվ, գրեթե առաջին անգամ ժամանակակից պատմության մեջ, Մոսկվայի արձագանքը, որը մշտապես բացասաբար է ընդունում ցանկացած բողոքի շարժումներ իր կամ հարևանի տարածքում, եթե ոչ բարյացկամ, ապա հաստատ՝ չեզոք էր»,-նկատում է հոդվածի հեղինակ Վլադիմիր Սոլովյովը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, որում ասվում էր, որ հավատարիմ են երկու երկրների ժողովուրդների շահերից բխող բազմակողմ փոխշահավետ ռուս-հայկական համագործակցության և դաշնակցային համագործակցության ամրապնդման ու զարգացման համար համատեղ աշխատանքների շարունակմանը։

«Այս հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, հենվելով իրեն աստվածացնող փողոցի վրա, հալածում էր նախկին ռեժիմին։ Այն բանից հետո, երբ նա հանդիսավոր կերպով իր նեղ աշխատասենյակից տեղափոխվեց Հանրապետության հրապարակին կից բարձրահարկ շենք՝ Մոսկվայի համար սկսվեցին տհաճ անակնկալները։ Նոր իշխանությունները նախաձեռնեցին 2008թ-ի մարտի դեպքերի հետաքննությունը»,-գրում է պարբերականը՝ ընդգծելով, որ այդ շրջանակում մեղադրանք առաջադրվեց «Կրեմլի համար ոչ օտար անձանց»՝ նախկին նախագահ ու Պուտինի անձնական ընկեր Ռոբերտ Քոչարյանին և այդ պահին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։

Հետաքննությունը, ինչպես գրում է կայքը, հանգեցրեց Ռուսաստանի հետ լուրջ առճակատման։ Մոսկվան Խաչատուրովի հետապնդումը համարեց դաշինքին հասցված դիտավորյալ հարված, բայց Նիկոլ Փաշինյանը կիրառեց նախկին իշխանությունների դեմ մարտավարական փորձը՝ ոչ մի քայլ hետ, հետ կանչեց Խաչատուրովին ու պահանջեց նրա փոխարեն այդ պաշտոնում Երևանից մեկ այլ անձի նշանակում։

Սա ընդլայնեց հակամարտության կողմերին, Բելառուսը հայտարարեց թափուր տեղը զբաղեցնելու իր իրավունքի մասին ու բացառությամբ Հայաստանի՝ ստացավ դաշնակից երկրների աջակցությունը։

«Այս կադրային հարցը չհաջողվեց լուծել անգամ 2018թ.-ի դեկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Պուտինի ու Փաշինյանի հանդիպումից հետո։ Անկախ նրանից, թե 2019-ին ինչպես կավարտվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման պատմությունը՝ Մոսկվայում պարոն Փաշինյանի վերաբերյալ վերջնականապես ձևավորվեց անհարմար գործընկերոջ կերպար, որից կարելի է սպասել ինչ ասես»,-գրում է «Կոմերսանտ»-ը՝ որպես բարդ հարաբերությունների հաստատման վկայություն մեջբերով «Պուտինի կողմից Նիկոլ Փաշինյանի ամենավատ քաղաքական թշնամի Ռոբերտ Քոչարյանին ուղղված ամանորյա շնորհավորանքը, որով Պուտինը կալանքի տակ գտնվող ընկերոջը մաղթել էր «առողջություն, կայունություն ու ոգու տոկունություն»։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть