«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան իր ամուսնությունն այսօր պաշտոնապես գրանցել է Երևանում։
«Ուրախալի է, որ վերջապես մեր ամուսնությունը Նասիմայի հետ պաշտոնապես գրանցվեց Երևանում: Շնորհակալություն բոլորիդ՝ այս հատուկ օրվա ընթացքում մեզ հետ լինելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Քաթինան։
Հիշեցնենք՝ ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան, ով 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում, «Ավրորա» մրցանակին արժանացել է 2017 թվականին։
Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, կաթոլիկ միսիոներ Քաթինան տարիներ շարունակ իրականացրել է տարեկան 1000 վիրահատություն՝ օրական սպասարկելով ավելի քան 400 հիվանդի:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակաբաշխության նպատակն է արժանին մատուցել մեր օրերի հերոսներին և գնահատել այն բացառիկ ազդեցությունը, որ նրանց գործունեությունն ունեցել է մարդկային կյանքի պահպանման և մարդասիրական գործն առաջ մղելու գործում։
«Ավրորա» մրցանակը Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից շնորհվում է ամեն տարի՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:
Դափնեկիրը ստանում է 100 հազար դոլարի պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 միլիոն դոլարի մրցանակի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը